Աշնանը պետք է պատրաստ լինենք արտահերթ փոփոխությունների. Զարուհի Փոստանջյան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ աշնանը, իհարկե, քաղաքական զարգացումներ տեղի կունենան, որովհետև պարզ է, որ ամբողջ նախկին խորհրդային միության քարտեզը դեֆորմացված է:
«Զարգացումները պետք է բոլորս հաշվի առնենք և պատրաստ լինենք արտահերթ փոփոխությունների, բայց դրա համար պետք է հասարակական պահանջը կազմակերպվի, իսկ կազմակերպողները պետք է լինեն նաև քաղաքական կառույցներ լինեն»,-այսօր «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց նա:
Վերջինս պատասխանեց նաև հարցին, թե ինչ իրավիճակ է «Ժառանգություն» կուսակցությունում՝ ասելով. «Նախ, Ժառանգության դուռը բոլորի առջև է բաց, Ժառանգությունում Ձեզ կընդունի նաև Ստյոպա Սաֆարյանը: Ես պատվով եմ կրում իմ կուսակցական լինելը, ոչ միայն վստահում եմ, այլ կարծում եմ նաև, որ Ժառանգությունն ապացուցել է, որ արժանի է լինել քաղաքական կազմակերպություն»:
Զարուհի Փոստանջյանը նաև հայտարարեց, որ այո, մի օր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովուրդը կտեսնի երկրի նախագահի դերում:
Հարց հնչեց նաև պատգամավորի՝ ԱՄՆ-ում սովորելու վերաբերյալ, որին Փոստանջյանը պատասխանեց, թե հովանավոր, իհարկե, եղել է, և ցանկացածը կարող է մասնակցել այդպիսի մրցույթի և շահել:
Իրաքյան եզդիների խնդրի մասին էլ Փոստանջյանն ասաց, որ միանշանակ պետք է ՀՀ պետական այրերի կողմից գնահատականի արժանանա այն, ինչ տեղի է ունենում Իրաքում:










