Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձը պետք է տեղի ունենա առանց որևէ պայմանի. Լարիսա Ալավերդյան

22:01 • 22.08.14

 «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ Ադրբեջանում սպանված գերի Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձը պետք է տեղի ունենա առանց որևէ պայմանի: «Հենց այդ պայման դնելն է, որ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումն է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Նա նշեց, որ գրանցվել են դեպքեր, երբ Հայաստանը գերիներին միակողմանի հանձնել է Ադրբեջանին: «Ուրախությամբ ասեմ, որ բոլոր երեք նախագահների ժամանակ էլ Հայաստանում որդեգրվել է վերին աստիճանի հարգալից վերաբերմունք միջազգային հումանիտար նորմերի առումով»,-ասաց նա:

 

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ շատ անգամ միջազգային խմբերն են զարմանում, թե մենք ինչ բարվոք վիճակում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հանձնում այստեղ պահվող գերիներին: «Անգամ եղել են դեպքեր, երբ նույն խումբն իր դժգոհությունն է արտահայտել, երբ այդ գերիներին տեսել է Հայաստանում, այնուհետև Ադրբեջանում, որտեղ նրանք պահվում են հայ գերիների հետ միասին և արժանանում են ամենադաժան վերաբերմունքի»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է ԿՄԽԿ-ի աշխատանքներին, ապա Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ պետք չէ այդ հարցերում դատապարտել նրանց: «ԿԽՄԿ-ն ունի 180 տարվա փորձ, անգերազանցելի հմտություններ այդ ոլորտում, և նրանից չի կախված մարդասիրական գործունեության իրականացումը»-ասաց նա և ավելացրեց, որ խնդիրն այն է , որ Ադրբեջանն է արհամարհական վերաբերմունք ցուցաբերում քաղաքակրթական, տվյալ դեպքում՝ միջազգային հումանիտար նորմերի նկատմամբ:


Մեր զրուցակիցը համամիտ է ՊՆ մամուլի խոսնակի խոսքին, որ Ադրբեջանը փորձում է մտնել առևտրային գործարքի մեջ:
Ի դեպ` Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ԼՂՀ-ն, քրեական գործ հարուցելով դիվերսանտների դեմ, խնդիր է դրել այդ գործողությունների ժամանակ սպանված անձանց մասին տվյալներ ստանալ Ադրբեջանից: «Ինչ վերաբերում է դիվերսանտի մարմնի վերադարձմանը, ապա ո´չ թե Ադրբեջանը այդ հարցով պետք է դիմի Հայաստանին, այլ՝ միջազգային Կարմիր խաչի Բաքվի ներկայացուցչությունը պետք է դիմի նույնչափ հավասարազոր մի ներկայացուցչության, որը գտնվում է Ստեփանակերտում: Ես զարմանում եմ, որ անտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, կարծես թե անտեսում են լիարժեք գործող Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցչությանը, որը գտնվում է Ստեփանակերտում»,-ասաց նա: