Ադրբեջանական քարոզչամեքենան իր ապատեղեկատվական խարդավանքներին խառնել է ԿԽՄԿ-ին

19:01 • 22.08.14

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի մասնակցում ներկալված անձանց կամ աճյունների փոխանակմանն առնչվող որևէ բանակցության: ԿԽՄԿ-ն չի կարող նաև ներգրավվել կողմերին առաջարկներ փոխանցելու գործում: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` ընդգծելով, որ համաձայն իր հանձնառությանն ու միջազգային մարդասիրական իրավունքին` ԿԽՄԿ-ն որպես անկախ միջնորդ կատարում է իր դերը հայրենադարձման գործում:

 

«Այս դիրքորոշումը ԿԽՄԿ-ն փոխանցել է երկու կողմերին: Մարդասիրական իրավունքը պահանջում է, որ աճյունը պետք է հայրենադարձվի՝ առանց որևէ նախապայմանի, և մեկ կողմը պարտավոր է դա անել, եթե նույնիսկ մյուս կողմը դա չի անում, իսկ ներկալված անձանց հայրենադարձությունը չպետք է կախված լինի մյուս կողմի հայրենադարձման պատրաստակամությունից: Ինչպես միշտ, ԿԽՄԿ-ն պատրաստ է որպես անկախ միջնորդ կատարել իր դերը հայրենադարձման գործում»,-ասաց Ամատունին:

 

«Արմենպրես»-ի ճշգրտող հարցին` արդյո՞ք համապատասխանում է իրականությանը ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումն այն մասին, որ իբր՝ ԿԽՄԿ-ն փոխանցել է, թե հայկական կողմը չի համաձայնել ադրբեջանական կողմի առաջարկին` փոխանակել Ադրբեջանում պահվող հայկական հինգ հոգանոց ընտանիքի անդամներին և գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին` հայկական կողմում գտնվող դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ ձերբակալված երկու դիվերսանտների և մեկ դիվերսանտի դիակի հետ, Ամատունին նշեց. «Մենք նման հարցերում, մանավանդ՝ երբ խոսքն առնչվում է աճյունի հանձնմանը, խոսք տանող-բերողի գործառույթ չենք իրականացնում, գործում ենք միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան»:

 

Մնում է եզրակացնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան կրկին անգամ իր ապատեղեկատվական խարդավանքներին մասնակից է դարձրել միջազգային հեղինակավոր կազմակերպությանը:


ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արդեն գերիների փոխանակման Ադրբեջանի իշխանությունների առաջարկից հրաժարվելու մասին այդ երկրի Փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է որակել: