«Ռոսսելխոզնադզորը» թույլ է տվել ուկրաինական մթերքների ներմուծումը Ղրիմ
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունն օգոստոսի 19-ին համապատասխան նամակով չեղարկել է Ղրիմում ուկրաինական արտադրանքի ներկրման արգելքը:
Չեղարկվել է կաթնամթերքի, ձվի, մսային և կաթնային պահածոների արգելքը: Ներկրումը թույլ է տրվում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, գրում է korrespondent.net-ը:
Ուկրաինական հյութերին, արգելված գարեջրի և օղու որոշ տեսակներին դա չի վերաբերում, քանի որ դրանք արգելել է ոչ թե տվյալ ծառայությունը, այլ՝ «Ռոսպոտրեբնադզորը»` ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող մարմինը:
Մսի ներմուծումը շարունակում է արգելված մնալ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ այն վերաբերում է միայն Ղրիմի թերակղզու տարածքին՝ «առանց Ռուսաստանի Դաշնության այլ սուբյեկտներ տեղափոխելու իրավունքի»:
Korrespondent.net-ը հիշեցնում է, որ Ղրիմում կոչ էին անում թույլ տալ ուկրաինական արադրանքի ներմուծումը՝ ապրանքների դեֆիցիտի հետ կապված:










