Դանիան զենք կուղարկի Իրաքի քրդերին

11:17 • 22.08.14

Դանիան զենք կուղարկի Իրաքի քրդերին՝ որպես օգնություն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դեմ պայքարում: Համապատասխան որոշումը կայացվել է հինգշաբթի՝ օգոստոսի 21-ին, Արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստին, գրում է korrespondent.net-ը:

 

Դանիայի արտաքին գործերի նախարար Մարտին Լիդեգորի խոսքով՝ Իրաք կուղարկվի տրանսպորտային ինքնաթիռ՝ թեթև սպառազինություններով, ռազմամթերքով և ռազմական նյութերով՝ Իրաքի կառավարության և երկրի հյուսիսում քրդական ուժերի համար:

 

Կուղարկվի նաև մարդասիրական օգնություն տեղահանված անձանց համար: Ինքնաթիռը կուղեկցեն թագավորության 55 զինծառայողներ:

 

Լիդեգորն ընդգծել է, որ Դանիայի ռազմական ակցիան սահմանափակ կլինի:

Սպասվում է, որ հանձնաժողովի առաջարկը Դանիայի խորհրդարանը հավանության կարժանացնի օգոստոսի 27-ին: