Ֆերգյուսոնում անչափահասի սպանած ոստիկանին ավելի շատ գումար են նվիրաբերել, քան սպանվածի ընտանիքին
ԱՄՆ-ում բարեգործական ակցիաների ընթացքում սևամորթ անչափահասի սպանած ոստիկանին ավելի շատ գումար են նվիրաբերել, քան սպանվածի ընտանիքին: Երկու բարեգործական ակցիաների կազմակերպիչները հույս ունեն հավաքել 200-հազարական դոլար, գրում է Взгляд-ը:
Ոստիկան Դարեն Ուիլսոնի համար հավաքվել է 178 հազար դոլար նվիրատվություն, ինչի մասին վկայում են օգոստոսի 21-ին դրամահավաքն իրականացնող GoFoundMe ոչ կառավարական կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված տվյալները:
«Մենք աջակցում ենք սպա Դարեն Ուիլսոնին և նրա ընտանիքին նրանց համար դժվարին այս ժամանակաշրջանում: Հավաքված բոլոր միջոցները կուղղվեն Դարեն Ուիլսոնին և նրա ընտանիքին՝ ցանկացած կարիքների դիմաց վճարելու համար, որոնք կարող են առաջանալ դատական գործընթացի ժամանակ»,- նշել են բարեգործական ակցիայի կազմակերպիչները, որոնց անունները չեն բացահայտվում:
Ինչպես նշվում է կայքում, ոստիկանի համար վերջին չորս օրվա ընթացքում նվիրատվություն է արել 4,2 հազարից ավելի մարդ:
Նույն կայքում սպանված անչափահաս Մայքլ Բրաունի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները նույնպես դրամահավաք են սկսել՝ սպանվածի ծնողների համար «արդարության հասնելու հետ կապված ծախսերի համար»:
Ութ օրվա ընթացքում Բրաունի ծնողների համար նվիրատվություն է արել 5,1 հազարից ավելի մարդ, բայց հավաքված միջոցների ընդհանուր ծավալը հասել է ընդամենը 140 հազար դոլարի:










