Նիդերլանդներն իրաքյան քրդերին սաղավարտներ ու զրահաբաճկոններ կուղարկեն
Նիդերլանդները 1000 սաղավարտ և նույնքան էլ զրահաբաճկոն են ուղարկում Իրաքի հյուսիս՝ օգնելու քրդերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Նիդերլանդների ԱԳ նախարար Ֆրանս Տիմերմանսը և պաշտպանության նախարար Ժանին Հենիս-Պլասհերտը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում:
Ռազմական տեխնիկան նախ կուղարկվի Բաղդադ, ապա կհասցվի Իրաքի հյուսիս և կփոխանցվի քրդական տարածաշրջանային իշխանություններին: Նախարարներն ընդգծել են, որ զինամթերքի ուղարկման համար անհրաժեշտ պայմաններից է Իրաքի կենտրոնական իշխանությունների համաձայնությունը, որն ստանալը միանգամայն հնարավոր է:
Սպառազինման արժեքը՝ հաշվի առնելով տեղափոխումը, կազմում է մոտ 1.1 մլն եվրո:










