Մոսկվայի մարդասիրական բեռով շարասյունը հատել է Ուկրաինայի սահմանը՝ առանց Կիևի թույլտվության

13:42 • 22.08.14

Մարդասիրական բեռով առաջին տասը բեռնատարները հատել են Ուկրաինայի հետ սահմանը, հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով AFP գործակալությանը:

 

Հաղորդվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները չեն ուղեկցում բեռնատարները: Այս տեղեկությունն Interfax.ru-ին հաստատել է ուկրաինական իշխանության մարմիններում անանուն աղբյուրը:

 

Դրան նախորդել է ռուսական իշխանությունների հայտարարությունը՝ առանց Կիևի համաձայնության Ուկրաինայի արևելք մարդասիրական օգնությունն ուղղելու մտադրության մասին:

 

«Ռուսական կողմը որոշել է գործել: Մարդասիրական բեռով մեր շարասյունը սկսում է ընթացքը Լուգանսկի ուղղությամբ»,- ասված է ուրբաթ օրը՝ օգոստոսի 22-ին ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

 

ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Մոսկվան համաձայն է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ուղեկցությանը և օգնությունը բաժանելու ընթացքում նրանց մասնակցությանը: Միաժամանակ ԱԳՆ-ն նախազգուշացրել է՝ չփորձել «տապալել զուտ մարդասիրական առաքելությունը»: