Մալայզիա են հասել Ուկրաինայում ավիավթարի զոհերի մարմինները. երկրում սգո օր է

09:52 • 22.08.14

Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված Մալայզիայի 20 քաղաքացիների մարմինները տեղափոխվել են Կուալա Լումպուր, գրում է lenta.ru-ն:

 

Հատուկ չարտերային չվերթը, որն Ամստերդամից տեղափոխել է ավիավթարի զոհերի մարմինները, Մալայզիայի մայրաքաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով մոտ ժամը 10:00-ին:

 

Մալայզիայում ուրբաթ սգո օր է հայտարարված, ողջ երկրում իջեցվել են ազգային դրոշները: Բնակիչները հարգում են ավիավթարի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ:

 

Ria.ru-ի հաղորդմամբ՝ ողջ Մալայզիայում հասարակական տրանսպորտը կանգնեցվել է այն պահին, երբ ռադիո և հեռուստաալիքները հայտարարել են մեկ րոպե լռության մասին:

 

«Ես կոչ եմ անում բոլորին մի կողմ դնել ամեն ինչ, մաշկի գույնի, կրոնի, քաղաքականության մեջ առկա տարբերությունները: Եկեք բոլորս հավաքվենք և միասին հարգանքի տուրք մատուցենք զոհերի հիշատակին»,- ավելի վաղ հայտարարել էր Մալայզիայի պաշտպանության նախարար Հիշամուդին Հուսեյնը:

 

Հիշեցնենք, որ Դոնեցկի շրջանում մալայզիական օդանավի կործանման հետևանքով զոհվել են դրանում գտնվող բոլոր մարդիկ՝ 298 հոգի։ Նրանցից 43-ը եղել են Մալայզիայի բնակիչներ։