Սարկազմը լրիվ ընկալում եմ ու պետք է հիասթափեցնեմ՝ որևէ հեղինակավոր կառույց չի քանդվելու. Նարեկ Սարգսյան

16:50 • 22.08.14

«Առաջիկայում հեղինակավոր ի՞նչ կառույցներ են քանդվելու» հարցին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Սարկազմը լրիվ ընկալում եմ, և, ցավոք սրտի, պետք է հիասթափեցնեմ, չի քանդվելու որևէ հեղինակավոր կառույց»։


Tert.am-ի դիտարկմանը, թե ինչ ճակատագիր է սպասվում հեղինակավոր կառույցներից «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին, որի պահպանությունը, ըստ ճարտարապետների, չի իրականացվում և միտումնավոր բարձիթողի վիճակում է, որպեսզի փլվի, Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ քաղաքապետարանի ճարտարապետական կառույցում հեղինակների հետ համատեղ հանդիպում է եղել, ովքեր եղել են նաև նախարարությունում և այդ հարցով աշխատանքային խումբ է ստեղծվում։


«Որոնք կգնան տեղում կուսումնասիրեն բազրիքների փլման խնդիրն ինչի հետ է կապված, նոր դրա վերաբերյալ վերջնական կարող եմ ասել։ Այս պահին օդանավակայանի շենքի քանդման խնդիր չկա»,- ասաց նա։


Մեր հաջորդ հարցին, թե ինչ լուծում են ստանալու, օրինակ՝ «Դվին» հյուրանոցը, «Սևան» հյուրանոցը և այլն, Նարեկ Սարգսյանը խոստովանեց, այս հարցում ոչ մի պարծենալու բան չունեն։


«Ոչ մի պարծենալու բան չունենք այս ուղղությամբ, որ մեզ հաջողվեց ապահովել նրանց շինարարությունը. «Երիտասարդական պալատը» չի կառուցվում, «Սևան» հյուրանոցի շենքը չի կառուցվում... Այս խնդիրը մենք բարձրացրել ենք, ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ այս խնդրին հետամուտ ենք լինելու, որ վերջնական լուծվի։ Հիմա այլ քայլեր ենք արել և Կառավարությանը ներկայացրել, որ բոլոր շինհրապարակները, որ տարբեր տարիներին եղել են և մայթեր ու հանրային տարածքներ են զբաղեցնում, որպեսզի նոր որոշմամբ հնարավոր լինի կառույցներն իրականացնել»,- ասաց նա։


Նախարարը նշեց, թե լավ գիտի բոլոր կառույցները. «Սեփականատերերի հետ աշխատանքներ տարվում են, բայց մեր աշխատանքն այդ մասով գնահատում եմ ոչ բավարար»։