Ադրբեջանցի իրավապաշտպանը դաժան ծեծի է ենթարկվել

18:01 • 22.08.14

Նախիջևանում ադրբեջանցի իրավապաշտպանը դաժան ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

Ւլգար Նասիբովը հարձակման է ենթարկվել օգոստոսի 21-ին` ուշ երեկոյան, շրջանում գործող միակ անկախ  իրավապաշտպան կազմակերպության գրասենյակում գտնվելու ժամանակ:

 

Նասիբովին գտել են անգիտակից վիճակում, նա ստացել է ծանր վնասվածքներ. վնասվել է գլուխը, կոտրվել քիթը, ջարդվել են կողոսկրերը:

 

Հարձակումից հետո արված լուսանկարում երևում են հարվածների պատճառով նրա այտուցված փակ աչքերը:

 

Վերջին շրջանում միջազգային իրավապաշտպան խմբերը բարձրաձայնում են իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ճնշումների մասին: Վերջին շաբաթների ընթացքում երկրի առաջատար չորս ակտիվիստ է ձերբակալվել, նրանց մեղադրանքներ են ներկայացվել: