Մինչև այդ չգիտե՞ին, որ Երիտասարդական պալատի փոխարեն նոր նախագիծը մեծ ծախսեր է պահանջելու. ճարտարապետը՝ Ն. Սարգսյանին
Երբ 2004-ին քանդում էին Երիտասարդական պալատը, չգիտե՞ին, որ պալատի փոխարեն կառուցվելիք հյուրանոցային համալիրի նախագիծը խոշոր ծախսեր է պահանջելու: Tert.am –ի հետ զրույցում նման հռետորական հարցադրում արեց Երիտասարդական պալատի նախագծող ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հայտարությանը, թե նախագիծը հսկայական ներդրումներ է պահանջում:
«Մարդը վերցրել է, քանդել ու տասը տարի է՝ ոչինչ չի կառուցում: Քաղաքապետարանը պետք է նրանց ստիպի, որ կա´մ կառուցեն, կա´մ այդ հողամասը վերավաճառեն ուրիշի, որը կարող է կառուցել: Առհասարակ, կիսատ շինարարությունները փոշու բուն են»,-բարկացավ ճարտարապետը:
Հիշեցնենք, որ Երիտասարդական պալատը քանդվեց 2004 թվականին, և ինչպես հայտարարում են բնապահպանները, շինարարությունը վերածվել է քաղաքի կենտրոնում բազալտի խճի հանքավայրի:
Ի պատասխան հարցի, թե ճարտարապետության մեջ ընդունվա՞ծ է, որ մարդը մրցույթին հայտ ներկայացնի, շահի այն, հետո պարզվի, որ փող չկա, Հրաչյա Պողոսյանն ասաց, որ դա ճարտարապետության հետ ոչ մի կապ չունի:
«Դա տնտեսական գործունեություն է, լավ տեղ էր, սիրուն տեղ էր, անպայման ուզում էին քանդել, որ նոր բան կառուցեն, մեջտեղը փող աշխատեն, չստացվեց. Քանդեցին, ու իրենց համար որևէ նշանակություն չուներ՝ շենքը ինչ էր ներկայացնում երևանցիների համար՝ հիշողությու՞ն, թե՞ հիմա՝ բաց հանք»,-ասաց Հրաչյա Պողոսյանը:










