Քառյակի ուժերի կողմից «կուտակայինի» հարցով ՍԴ ներկայացվելիք հայցը մշակում են նույն կազմով, ինչ նախորդ անգամ

20:44 • 22.08.14

Խորհրդարանական քառակից առնվազն՝ «Հայ յեղափոխական դաշնակցության» և «Բարգավաճ Հայաստանի» կողմից Սահմանադրական դատարան ներկայացվելիք նոր հայցը մշակվում է նույն կազմով, ինչ նախկինում՝ Արծվիկ Մինասյան, Արտակ Զեյնալյան, Մերի Խաչատրյան: 

Այս մասին Tert.am-ին հայտնեց Արծվիկ Մինասյանը՝ այս պահին՝ նախքան դիմումի վերջնական տեսքն ստանալը, հրաժարվելով ներկայացնել բովանդակային կետերը: 

Tert.am-ին հայտնի դարձավ, որ քառյակի ոչ բոլոր կուսակցություններն են հակված միանալու ՍԴ-ի դիմումին: Ինչ վերաբերում է «ՀԱԿ»-ին և «Ժառանգությանը», ապա առաջին քաղաքական ուժից չպատասխանեցին, իսկ «Ժառանգությունից» Թևան Պողոսյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ՝ հայցին կմիանան: 

«Երևի, չենք քննարկել հիմա, բայց նախնական քննարկմամբ՝ դա պետք է համատեղ լինի» ,-ասաց Թևան Պողոսյանը: 

«Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք միանալու ենք: Անպայման, մեր գործընկերների հետ համատեղ օրենքի դրույթները հերթական անգամ վիճարկող մեր առաջարկությունները կներկայացնենք Սահմանադրական դատարան»: 


Նույն խմբակցությունից Միքայել Մելքումյանը մի փոքր անդրադարձավ բովանդակային կետերին՝ ասելով. «Որքան տեղյակ եմ՝ կան մի քանի ակնհայտ բաներ՝ 18 տարին լրացածների համար սեփականության խնդիրները կամ այն, ինչ վիճարկվում էր՝ տարիքային խտրականություն կամ պրոֆեսիոնալ խտրականություն՝ մի բան մասնավորի համար, մեկ այլ բան՝ պետական հատվածի»,-ասաց Միքայել Մելքումյանը: 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նախկին նստաշրջանում հաստատեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կառավարության փոփոխությունները, որոնք ենթադրում են 5 տոկոսանոց նպատակային սոցվճար պետական համակարգում աշխատողների համար։ Իսկ ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ նպատակային սոցվճարներն ուժի մեջ են մտնում 2017-ին: