Բյուրականի համահայաստանյան բանակումին մասնակցեց 300 սկաուտ. Նախագահը ծանոթացավ բանակումի պայմաններին (լուսանկարներ)

19:42 • 22.08.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Բյուրականի բանակավայր, շրջեց տարածքում և ծանոթացավ պայմաններին ու սկաուտների առօրյային:


Հայաստանում արդեն 24-րդ անգամ է անցկացվում համահայաստանյան բանակումը, որին մասնակցում է ավելի քան 300 12-17 տարեկան սկաուտ Երևանից ու մարզերից: Օգոստոսի 18-ից 23-ը սկաուտներն իրենց առօրյան անցկացնում են Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ» հասարակական կազմակերպության Բյուրականի բանակավայրում:

 

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության պատասխանատու մարմնի անդամ Հրաչյա Շմավոնյանը՝ 2011 թ-ին Կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությանը հատկացվել է մեկ հա լրացուցիչ հողատարածք, որը նախատեսված էր բանակավայր կառուցելու համար:

 

«Այստեղ 4 տարին մեկ Հայ մարմնակրթության ընդհանուր միության (ՀՄԸՄ) հետ կազմակերպում են համա-ՀՄԸՄ-ական սկաուտական բանակումներ, և վերջինը տեղի ունեցավ այս տարի՝ օգոստոսի սկզբին, որին մասնակցեց 800 սկաուտ աշխարհի շուրջ 18 երկրից: Կառուցելով այս բանակավայրը՝ մենք կարողացանք այդքան սկաուտ ընդունել, բայց ընդհանուր առմամբ՝ մենք արդեն կարող ենք ընդունել հազար սկաուտի, բարելավել ենք մեր պայմանները: Ծրագրի մեկենասներն են եղել Նախագահը և «Փյունիկ» հիմնադրամը: Այս բանակավայրը նախատեսված է վրանային պայմանների համար, առօրյա կարիքների համար բոլոր պայմանները կան»,-ասաց նա:


Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության կենտրոնական վարչության ատենապետ Օշին Փիրումյանն էլ նշեց, որ համահայաստանյան բանակումի մասնակիցներն ընտրվում են «ՀԱՍԿ» մարզային կազմակերպություններից, մասնավորապես՝ նրանք, ովքեր ողջ տարվա ընթացքում իրենց առավելագույնս լավ են դրսևորում:
«Վեցօրյա բանակումի նպատակը տարբեր շրջաններից երեխաների մերձեցումն է, փորձի փոխանակումը, ազգային դասընթացների անցկացումն ու մեր ապագա սերնդին պատրաստելը: Բանակումի ընթացքում սկաուտները բաժանվել են «Կարմիր», «Կապույտ» և «Նարնջագույն խմբերի, խմբերում կան խմբակներ՝ Արևմտյան ու Ալևելյան Հայաստանի քսան քաղաքների անուններով: Իրենք այդ քաղաքների տարազներն են պատրաստում, ճաշերը և այլն»,-ասաց նա:

 


Ինչպես տեղեկացրեց Օշին Փիրումյանը՝ արդեն երկրորդ անգամ է՝ բանակին ներգրավվում են մանկատան և սոցիալական խնամքի կենտրոնների երեխաներ` «Խաղաղության սուրհանդակների» ծրագրի ներքո, որը ֆիանանսավորվում է Համաշխարհային սկաուտական շարժման կողմից