Դատախազությունը գնում է ի սկզբանե կանխագուշակված սցենարով. Շանթ Հարությունյան
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը ներկայացրեց մեղադրանքի ապացույցները: Նա նշեց, որ Շանթի և իր ընկերների նոյեմբերի 5-ի արարքը խուլիգանություն է, ինչին առիթով պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանը նշեց, որ որևէ հիմք չկա տեղի ունեցածը խուլիգանություն որակելու համար:
«Այս զեկույցը օրենքի հիման վրա գրված չէ, քանի որ երթերի կամ ակցիաների ժամանակ, երբ մասնակիցներին փորձում են բերման ենթարկել և վերջիններս դիմադրում են, դեռ հիմք չէ նրանց արարքը որպես խուլիգանություն որակելը»,-ասաց նա:
Շանթ Հարությունյանն էլ, դիմելով մեղադրողին, նշեց, որ դատախազությունը գնում է իր կողմից ի սկզբանե կանխագուշակված սցենարով:
«Ընկեր մեղադրող, ԿԳԲ-ն ի սկզբանե որոշում էլ կայացրեց, որ մեր քաղաքական պայքարը որակի իբրև խուլիգանություն: Իրենց առաջին նպատակն էր իմ հետ կռիվ սարքել՝ վստահ լինելով, որ ընկերներս կպաշտպանեն, հետո ձերբակալել ու խուլիգանության մոտիվացիա անել՝ գործը քաղաքականության դաշտից հանելով: Իսկ թե ինչու է Շանթը խուլիգանություն սարքել, պետք է ասեն, որ փող է ստացել, ասենք՝ Ադրբեջանից ու սարքեն հայրենիքի թշնամի: Ավելի լավ է ասեք՝ ով է իջեցրել պատվերը, ես ասում եմ՝ հայկական ԿԳԲ-ն է իջեցրել, որը ռուսական ԿԳԲ-ի մասնաճյուղն է»,-ասաց Շանթ Հարությունյանը:
Մեղադրող Գևորգ Գևորգյանն ընդգծեց, որ դեպքից հետո ամբաստանյալները որևէ բողոք չեն ներկայացրել ոստիկաններին, ինչի առիթով ամբաստանյալ Վարդան Վարդանյանն ընդգծեց, որ «ոստիկանատանը» ստեղծել են անառողջ բարոյահոգեբանական լարվածություն և բռնությունների ենթարկել։










