Ուկրաինայում արգելափակել են ռուսական 14 հեռուստաալիքի աշխատանքը

00:42 • 22.08.14

Ուկրաինայի իշխանություններն արգելափակել են ռուսական 14 հեռուստաալիքի աշխատանքը, որպեսզի թույլ չտան «պատերազմի և բռնությունների քարոզի» տարածումը: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով BBC News-ին:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ համապատասխան հրամանն ստորագրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

Արգելափակված հեռուստաալիքների ցանկը ներառում է բոլոր հիմնական ռուսական հեռարձակողներին, այդ թվում՝ «Առաջին ալիքն» ու անգլալեզու Russia Today-ը:

«Ուկրաինան՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, կարող է և պարտավոր է պաշտպանել իր ինֆորմացիոն դաշտը ՌԴ կողմից սկսված տեղեկատվական ագրեսիայից, որն ուկրաինական քաղաքացիների միջև միտումնավոր ատելություն և տարաձայնություն է հրահրում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի արտգործնախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն: