Դեկորատիվ ջրավազաններում ջուրը չի հոսում, հետևաբար մանրէների բազմացման լավ միջավայր է, այստեղ լողալն անթույլատրելի է. բժիշկ
Դեկորատիվ ջրավազաններում լողալ չի կարելի, քանի որ դրանք չունեն այնպիսի վարակազերծման համակարգ, ինչպիսին ունեն լողավազանները: Tert.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը նաև նշեց, որ դեկորատիվ ջրավազանների ջուրը, որքան էլ վերահսկվի մաքրության տեսանկյունից դրանք ամեն դեպքում բաց տարածության մեջ են, և ջուրը հիմնականում կանգնած է, ինչը նշանակում է, որ ստեղծվում է մանրէների տարածման բարենպաստ միջավայր:
«Քաղաքի դեկորատիվ ջրավազանները նախատեսված են դեկորացիայի և ամռան սեզոնին շրջապատի միկրոկլիման զովացնելու համար: Դրանք լողավազաններ չեն և նախատեսված չեն լողի համար, դրանք չունեն լողավազանի կառուցվածք: Վերջիններս շրջակա միջավայրից պաշտպանված են, պատահական մարդիկ ու կենդանիներ չեն կարող մտնել այնտեղ, իսկ ջրավազան թափառող կենդանիներն անգամ կարող են մտնել: Այսինքն՝ ջուրը չի մաքրվում այն աստիճանի, որ լինի անվտանգ: Բացի այն, որ ամռան շոգին այստեղ մանրէները կարող են բազմանալ, այստեղ կարող են մարդիկ ինչ-որ առարկաներ նետել և լողացողները տրավմաներ ստանան, ի վերջո նաև շատրվանների հոսանքի գծեր են անցնում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ միջոցառումներ են անցկացվում երեխաներին ջրավազաններում լողալ թույլ չտալու համար, պատասխանեց, որ դեռ մայիսից սկսած ԶԼՄ-ի միջոցով զգուշացնում են ազգաբնակչությանը, որ երեխաներին թույլ չտան լողալ ջրավազաններում, որովհետև այստեղ պոտենցիալ ռիսկեր կան հիվանդությունների առաջացման տեսանկյունից՝ մաշկային, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, աչքի լորձաթաղանթի, ականջի բորբոքումներ և այլն:
«Բայց քանի որ արդեն երեխաների լողի փաստը կա, ԱՆ-ն կազմակերպում է դեկորատիվ ջրավազանների ջրի որակի լաբորատոր հետազոտություններ, միաժամանակ առաջարկություններ են ներկայացվում, որպեսզի տարածքում լողը արգելելու մասին ցուցանակներ փակցվեն, հսկողություն սահմանվի ու արգելվի երեխաների լողը: Բայց առաջին հերթին ծնողները չպետք է թույլ տան, որ երեխաները լողան դեկորատիվ ջրավազաններում, իհարկե, ցանկալի է, որ ոստիկանության կողմից վերահսկողություն լինի, բայց նրանք չեն կարող շուրջօրյա վերահսկել: Պետք է մարդկանց գիտակցությունը փոխել»,- ասաց նա:
Աիդա Պետիկյանը նշեց, որ չկա վիճակագրություն այն մասին, թե ջրավազանում լողալուց հետո քանի երեխա է հիվանդացել, քանի որ ապացուցելը, որ երեխայի հիվանդությունը առաջացել է հենց ջրավազանի ջրից, շատ դժվար է:
«Ամռան սեզոնին, երեխաները դրսում խաղալիս շատ բաների հետ են առնչվում և այս սեզոնին մաշկային ու ստամոքսաղիքային հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են: Այս պարագայում ապացուցելը դժվար է, դրա համար կարող ենք խոսել միայն առկա ռիսկերի մասին: Ամեն դեպքում զանգվածային դեպք չենք հայտնաբերել, թեև առանձին դեպքեր հաստատ կլինեն»,- ասաց նա:
Աիդա Պետիկյանը նաև հավաստիացրեց, որ ներկայումս ջրավազանների ջուրը անհամեմատ մաքուր է նախորդ տարիների համեմատ:










