Ղարաբաղի հարցը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը, առանց նրա մասնակցության անհնար է ԼՂՀ խնդրի լուծումը. Մովսես Հակոբյան
Հայ ժողովրդի ճակատագիրը լուծվելու է Ղարաբաղում. Վեհափառ հայրապետի օրհնությամբ լրագրողների՝ Արցախ կատարած այցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ծավալված վերջին իրադարձություններին. «Իհարկե, դա չի նշանակում, որ մենք մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք Ղարաբաղին»:
Անդրադառնալով սահմանային վերջին իրադարձություններին, ՊԲ հրամանատարը նշեց, որ կատարվածն այսպիսին չի եղել, որ մենք այսքան ուշադրություն դարձնենք: Այդպիսի իրադարձություններ միշտ են լինում, իսկ վերջինն առանձնանում է նրանով, որ որոշ չափով մաշստաբային է եղել և մի քանի օր է տևել: Հակառակորդը մի քանի ուղղություններով գործողություններ է իրականացրել, և բոլոր ուղղություններով բանակը կարողացել է դիմագրավել և ետ մղել թշնամուն:
«Կորուստներ, ցավոք, ունեցել ենք, ինչից մենք պետք է հնարավորինս զերծ մնանք: Հակազդող և կանխարգելիչ յոթ գործողություններ ենք իրականացրել, որպեսզի հակառակորդին ցույց տանք, որ այդպես չէ: Մենք այսօր էլ, վաղն էլ պատրաստ ենք հակառակորդի գործողություններին հակահարված տալ»,- ասաց նա:
Մեկնաբանելով հակառակորդի հայտարարությունը, թե իրենք պատրաստ են ազատագրել Ղարաբաղը՝ նախարարն ասաց. «Վերջերս նաև «փոքրիկ» Ալիևը հայտարարություն է արել, թե ինքը հավակնություններ ունի Զանգեզուրի ու նաև Երևանի մասով, իհարկե, դա անհեթեթություն է, և որևէ մեկը չի կասկածում, որ դա երբևէ իրականություն կդառնա»:
Մովսես Հակոբյանը նաև նկատեց, որ Արցախի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մի շատ կարևոր հետևություն է արել, որ «մենք այլևս կորցնելու բան չունենք»: Այս վերջին իրադարձություններն էլ վառ օրինակ են եղել, որ հայ հասարակությունը պատրաստ է ամեն կերպ պահել իր հողը. «Բոլորը համախմբվեցին մեկ խնդրի շուրջ և ապացուցեցինք, որ մենք միահամուռ ենք, միասնական ենք և պատրաստ ենք մեր խնդիրը լուծել: Այսօր մեր զինվորը ևս մեկ անգամ ազդակ ուղարկեց, որ պետք է համախմբված լինել և պետական շահը վեր դասել ցանկացած շահից»:
Նա անդրադարձավ նաև Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը՝ շեշտելով, որ արտաքին հարաբերություններով երկրում զբաղվում է նախագահը և արտգործնախարարը, և իրենք նրա որոշումներն իրականություն դարձնողն են: «Ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով, ցանկացած այդպիսի հանդիպում մեզ համար ողջունելի է: Եվ կարծում եմ, այն, ինչ պայմանավորվել են նախագահները, լավ կլինի, որ դա իրականություն դառնա»,- ասաց նա և ավելացրեց, որ անհնարին է առանց ԼՂՀ մասնակցության Արցախի հիմնախնդիրը լուծել, ովքեր ուզում են բանակցել, ինչ առաջարկություններ ուզում են ներկայացնել, Ղարաբաղի հարցը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը, առանց նրա մասնակցության անհնար է այս խնդրի լուծումը: Երբ Ղարաբաղը մասնակցի բանակցությանը, կարելի է ակնկալել, որ մի քանի տարի հետո խնդիրը կլուծվի:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի միջև անցակետ տեղադրելուն, ՊԲ հրամանատարը վստահեցրեց՝ անցակետի կարգավիճակը չի փոխվել և չի փոխվի, եթե այսօր Արցախ մտնող մարդուն չեն կանգնեցրել, վաղը ևս չեն կանգնեցնի:
Հարց հնչեց նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Մեր երկրի նախագահը բավական կոշտ դիրքորոշում է հայտնել, իհարկե, շատ վատ է, որ մեր դաշնակիցը զենք է վաճառում մեր հակառակորդին: Անկախ նրանից, թե զենքը որտեղից է գնում Ադրբեջանը, դա կիրառվելու է հակառակորդի դեմ, և դա շատ վատ է մեզ համար»:
Անդրադառնալով Արցախի սահմանները պաշտպանող բանակին՝ Մովսես Հակոբյանը ներկայացրեց. «Մենք սկսել ենք նոր ուսումնական փուլը, ամփոփել ենք ձմեռային ուսումնական փուլը, այն միջոցառումները, որոնք պլանավորված են եղել նախապատրաստական փուլում, մենք դա իրականացրել ենք: Բանակն այս ընթացքում բավականին հաջողություններ ունի: ՊԲ-ի զինվորը ցանկացած մրցումների, միջոցառումների ներկայանում է միշտ պատշաճ ձևով, և մենք միշտ առաջատար տեղեր ենք զբաղեցնում: Այսօր մեր զինվորն առաջնագծում իր հերթապահությունն իրականացնելու ժամանակ 99 տոկոսով պաշտպանված է հակառակորդի գործողություններից: Մենք այս պահի դրությամբ մի սարք ենք հորինել, որը նույնպես կնպաստի պաշտպանությանը»:
Խնդիրներից նա առանձնացրեց այն, որ գիշերային ժամերին սահմաններն անտեսանելի են, այդ ուղղությամբ իրենք աշխատանքները շարունակում են, սակայն վերջին իրողությունները ցույց տվեցին, որ այդ առումով բացեր կան. «Մի բան պիտի հասկանանք, որ բոլոր տեխնիկական միջոցները մեկ նպատակ ունեն, որպեսզի զինվորի ծառայությունը հեշտացնեն, բայց առաջին գծում դեռ զինվորին փոխարինող ոչ մի սարք չկա:
ԼՂՀ ՊԲ հրամանատարը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ամեն օր իրենք պատրաստվում են պատերազմի, ամեն մեկն իր տեղում է պատերազմ սկսելու ժամանակ: Իսկ պատերազմի վերսկսումն այս պահի դրությամբ նորից բերելու է հաղթանակ. «Իմ զինվորն այսօր դրան է պատրաստ: Մեր ամենօրյա գործողությունն ուղղված է դրան»:










