Անգամ անզեն աչքով է երևում, որ բաց շինարարությունները Երևանում փոշու աղբյուր են. գիտնական
Անգամ անզեն աչքով է երևում, որ մայրաքաղաքում մշտապես իրականացվող բաց շինարարությունները և Հյուսիսային պողոտան՝ գրեթե մեկ տարվա անսալիկ վիճակով, փոշու աղբյուր են: Այս մասին Tert.am –ին հայտնեց ՀՀ ԳԱԱ էկոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչն է նպատասում երևանյան փոշու ավելացմանը:
«Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Երևան քաղաքի փոշու մեջ կան նաև քիմիական աղտոտիչներ, այսինք՝ մենք հետազոտում ենք նաև փոշու պարունակությունը, որովհետև փոշին, աղտոտիչ հանդիսանալով, շատ ավելի վտանգավոր է, երբ դրա մեջ կան քիմիական նյութեր»,-ասաց Լիլիթ Սահակյանը:
Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանից Երևանի Հյուսիսային պողոտայի սալիկները քանդվել են, և մի քանի փուլով ընթանում են սալիկապատման աշխատանքներ՝ 10 հազար քմ տարածք ծավալով, և օրինակ՝ կենտրոնի բնակիչները լավ գիտեն, որ երեկոյան ժամերին բարձրացող քամին հենց Հյուսիսային պողոտայից ամեն երեկո փոշու հաստ շերտ է «լցնում» փոքր կենտրոնի տարածքով բոլոր բնակելի շենքերի պատշգամբներն ու բնակարանները:
Քաղաքային տարածքները, զբաղեցնելով երկրագնդի տարածքի 2 տոկոսը և ընդգրկելով երկրի բնակչության 45 տոկոսը, արտազատում են երկրի թափոնների 80 տոկոսը, և ինչպես նշվում է ինստիտուտի պատրաստած գիտական հոդվածներում՝ 227 քառակուսի կիլոմետր և մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանը ի ցույց է հանում աշխարհում ուրբանացման համընդհանուր իրավիճակը՝ իր համապատասխան ցուցանիշներով: Դրանք են՝ Հայաստանի տարածքի 1 տոկոս և բնակչության 34 տոկոս:
ՀՀ ԳԱԱ աշխատակիցը նկատեց, որ փոշու աղտոտվածությանը նպաստում են երեկոյան ժամերի քամիները, որոնք մայրաքաղաքի ողջ փոշին հանում են մթնոլորտ, և սրան գումարվում է այն, որ աշխարհագրորեն Երևանը գտնվում է կիսաանապատային լանդշաֆտային գոտում:
«Եթե պատշաճ կանաչապատում չկա, մայրաքաղաքի փողոցները նորմալ չեն լվացվում, փոշին պետք է միշտ արդիական լինի: Ուրիշ բան, որ անտրոպոգեն պրեսն էլ իր ազդեցությունն ունենում է»,-նկատեց գիտնականը, ով վերհիշեց քաղաքը լվանալու բարի ավանդույթը:
Նա այս համատեքստում նկատեց, որ քաղաքին պետք է ո´չ թե ինքնանպատակ, այլ գրագետ կանաչապատում, որպեսզի փոշու պրեսը իջեցնի:
«Այսինքն՝ կան հետազոտություններ, որոնք թույլ են տալիս ելնելով բնակլիմայական պայմաններից և էկոլոգիական իրավիճակից, այդ թվում՝ փոշու և այլ քիմիական տարրերով աղտոտումից, տնկել այնպիսի բուսատեսակներ, որոնք ո´չ միայն կլինեն աչքի համար հաճելի, քաղաքի կանաչապատման համար պիտանի, այլև՝ կունենան փոշու և ծանր մետաղների պրեսը թույլացնելու հատկություններ:
Տարիներ առաջ ինստիտուտը Երևանի համար ներկայացրել է կանաչապատման նման նախագիծ, որտեղ փողոց առ փողոց երևում է, թե փոշու ինչ պրեսի ներքո ինչ ծառատեսակներ ու թփատեսակներ պետք է տնկվեն Երևանում:
Սակայն թե ինչքանով է դա իրականացվում, ինտիստուտում անտեղյակ են, քանի որ որևէ մոնիթորինգ արված չէ:










