Samsung Galaxy S5-ը նույնպես միացել է «սառը ցնցուղ» ֆլեշմոբին և «մարտահրավեր» նետել iPhone-ին, HTC-ին և Nokia-ին (տեսանյութ)
Ice Bucket Challenge ակցիան այնքան է տարածվել, որ, կարծես, բոլորն են մասնակցում։ Հայտնիներ, գործարարներ, մարզիկներ և պարզապես մարդիկ ամբողջ աշխարհում ինքնակամ ջուր են լցնում իրենց վրա՝ փորձելով ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ, ԱԿՍ), գրում է iphones.ru-ն։
Այժմ ակցիան հասել է նաև էլեկտրոնային սարքավորումներին։ Samsung ընկերության շուկայագետները չէին կարող բաց թողնել հերթական անգամ մրցակիցներին «խայթելու» հնարավորությունը, և «սառը ցնցուղ» են պատրաստել իրենց Galaxy S5 սմարթֆոնի համար։
Կորեական ընկերության հեռախոսը դիմանում է սառը ջրին, որի հետ նաև սառույցի կտորներ են ընկնում։ Ոչ միայն դիմանում է, մնում գործունակ, այլև «մարտահրավեր» նետում մրցակիցներին։ Samsung-ը հրավիրում է iPhone 5s, HTC One M8 և Nokia Lumia 930 հեռախոսներին՝ հետևել իր օրինակին։
Այս արշավի շրջանակում մարդիկ ջուր են լցնում իրենց վրա՝ իրենց աջակցությունը հայտնելով այս ակցիային և բարձրացնելով այս խնդիրը, տեսանկարահանում իրենց և «մարտահրավեր» նետում՝ ում ցանկանան: Վերջիններս նույնպես պետք է նույնն անեն ու նոր մարդկանց ներգրավեն, իսկ նրանք, ովքեր հրաժարվում են գլխին ջուր լցնել, պետք է գումար նվիրաբերեն համապատասխան հիմնադրամին: Սական շատերն անում են և՛ մեկը, և՛ մյուսը:










