Մեծ Բրիտանիան մտադիր է իրաքցի քրդերին գրոհայինների դեմ պայքարի համար զենք մատակարարել
Լոնդոնը շուտով կսկի զենքի և զինամթերքի մատակարարումը իրաքցի քրդերին, ովքեր պայքարում են Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ, հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, գրում է Interfax.ru-ն:
Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիան կմատակարարի Արևելյան Եվրոպայի երկրների արտադրության զենք, «որոնց հետ քրդերն արդեն ծանոթ են»: Համոնդը հավելել է, որ նրա երկիրն այժմ քննարկում է քրդերին սեփական արտադրության զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման հնարավորությունը:
Համոնդը նաև նշել է, որ փաստը, որ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մարդասպանը կարող էր բրիտանացի լինել, սարսափ է ներշնչում: «Դա մեր երկրի, մեր արժեքների և այն ամենի, ինչ բրիտանացիները պաշտպանում են, դավաճանություն է»,- ընդգծել է նա:










