Շատ կարևոր հարցեր լուծված են, դպրոց սողոսկում են ոչ այն մարդիկ. կարծիքներ նոր ուսումնական տարվա նախաշեմին
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտնել է, որ այս տարի կանխատեսվում է շուրջ 40 հազար առաջին դասարանցիների ընդունելություն, ինչը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ ավելի է:
Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կրթական համակարգի խնդիրներին՝ Նարինե Հովհաննիսյանն ասաց. «Կոնկրետ խնդիրներ չկան, շատ կարևոր հարցեր լուծված են սեպտեմբերի մեկի համար, դրանք երեխաներին դասագրքերով ապահովելն է, հնարավորինս բարեկարգ շենքերում նրանց ընդունումն է, չնայած դեռ ունենք դպրոցներ, որոնք պետք է կարգավորվեն»։
Նա նշեց, որ բոլոր դեպքերում դպրոցների համար լուծված է ջեռուցման հարցը, պատրաստ է ուսումնական պլանը, որով կառաջնորդվեն դպրոցներն` ըստ չափորոշիչների և դասագրքերի:
«Կան վերանորոգված դպրոցներ, որոնց բացումն այս տարի կլինի, կան դպրոցներ, որոնց համար այս ուսումնական տարում կլինեն բարեկարգման և շինարարության ծրագրեր»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ուսուցիչների վերապատրաստմանը, Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ վերապատրաստումները կշարունակվեն հաջորդ ուսումնական տարում նույնպես: «Հիմնականում կադրային խնդիրները լուծվում են, և բավականին հաջող են անցնում ուսուցիչների մրցույթները, որով դպրոցի տնօրենները հնարավորություն են ստանում ընտրել ուսուցիչներին: Այսօր ուսուցիչների տեղերի պակաս չունենք: Մեր կադրերի բաժնում սովորաբար լինում է որևէ առարկայի ուսուցչի պահանջ, այս տարի նման պահանջ չի ներկայացված»,-ասաց նա:
Անդրադառնալով կրթական ոլորտի նորություններին` մեր զրուցակիցն ասաց, որ նախատեսված է բազմաբնույթ միջոցառումներով լեցուն տարի, սակայն նորությունների մասին նախարարն անձամբ կներկայացնի:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը համամիտ չէ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի հետ, քանի որ կրթության ոլորտի առաջնային խնդիրը համարում է կադրային խնդիրը` հատկապես մարզերում:
«Ամբողջ խնդիրը նրանումն է, որ դպրոց սողոսկում են ոչ այն մարդիկ, որոնք արդար մրցույթի արդյունքում են անցնում, այլ բոլորվին այլ չափորոշիչներ են գործում` թե ով ում բարեկամն է, ով ում ծանոթն է, ով ում հարսն ու տղեն է»,-կարծում է նա:
Անահիտ Բախշյանը համամիտ չէ նաև այն բանի հետ, որ դպրոցների ջեռուցման հարցը լուծված է: «Հատկապես ջեռուցման խնդիրը պետք է լուծվի, դպրոցում պետք է լինի նորմալ ջեռուցում, նախարարությունը շատ անելիքներ ունի»,-ասաց նա և մատնանշեց որոշ դպրոցներ` մասնավորապես գյուղերում, որտեղ լուծված չէ այդ հարցը:
Անդրադառնալով ուսուցիչների վերապատրաստման գործընթացին` Անահիտ Բախշյանն ասաց, որ իրեն`որպես կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, չի բավարարում այդ գործընթացը: «Կարծում եմ, որ մենք պետք է ավելին անենք: Մեր ուսուցիչներն ունեն հինգ տարին մեկ վերապատրաստման հնարավորություն, որը եթե 4 տարի առաջ համաշխարհային բանկի ծրագրով մրցակցային հիմունքներով իրականացվեց տարբեր կազմակերպությունների կողմից և ուսուցիչը հնարավորություն ունեցավ ընտրել իրեն վերապատրաստող կազմակերպությունը, ապա արդեն երկու տարի է՝ վերապատրաստումը Կրթության ազգային ինստիտուտի վրա է դրված, որին մեկ լումա բյուջեից չի հատկացվում: Վերապատրաստման գործընթացը պետք է լինի անընդհատ, մենք այնքան ճկուն համակարգ պետք է ունենանք, որ ուսուցչին հարստացնենք նորություններով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դասագրքերի որակին, Անահիտ Բախշյանն ասաց. «Դասագրքերի որակի հարցում վերջին մի քանի տարվա ընթացքում դրական փոփոխություն է նկատվել, սակայն դժգոհություններ էլի կան, որոնք առանձին դասագրքերի հետ են կապված»:
Խոսելով մարզերում տիրող իրավիճակից, նա ասաց, որ մարզերից ստացել է շատ լուրջ ահազանգեր այն մասին, որ մարզպետները հանձնարարել են թոշակառուներից ազատվել: «Դա մարզպետի գործառույթը չէ, դպրոցի տնօրենն է գործատուն և ինքն է որոշում` ում ազատել և ում ոչ»,-ասաց նա և նշեց, որ դպրոցի տնօրենը պետք է առաջնորդվի մեկ սկզբունքով` այն մարդը, ով լավ մանկավարժ է, նրան պետք է պահեն՝ անկախ տարիքից, թեև դա չի վերաբերում 70 անց մարդկանց: Ըստ նրա` տարիքով ուսուցիչներին պետք է փոխարինեն երիտասարդ ուսուցիչները միայն այն դեպքում, եթե երեխաների կրթությունը դրանից կշահի:
«Այս պահին Գեղարքունիքի մարզում շարունակում է աշխատելու տնօրեն մի մարդ, ում 65 տարին լրացել է, բացի այդ իր գործունեության մեջ շատ մեծ թերություններ կան, որի մասին ես մարզպետին հայտնել եմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի աշխատանքին` Անահիտ Բախշյանն ասաց. «Նախարարին ես համարում իմ համախոհը, սակայն նա ամբողջ ժամանակը պետք է տրամադրի կրթության ոլորտի հարցերով զբաղվելուն»:










