Պարտադիր 12-ամյա կրթություն, միանվագ սնունդ՝ 1-ին դասարանցիներին. ամփոփելով 100 oրը՝ ԿԳ նախարարը խոսեց առաջիկա ծրագրերից
Գիտելիքի օրվան ընդառաջ և վերանշանակումից հետո պաշտոնավարման հարյուր օրվա աշխատանքները ներկայացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու 100 օրը և ներկայացնելու նոր ուսումնական տարվան ընդառաջ նախատեսված ծրագրերը:
ԿԳ նախարարը սկսեց ամառային քննական շրջանից՝ այն համարելով հաջողված։ Ըստ նախարարի՝ ընդունելության քննություններն արժանացել են հասարակության վստահությանը և անցել են ավելի օբյեկտիվ ու արդար։
Խոսելով 2014-2015թթ. ուսումնական տարվա բարեփոխումների մասին՝ նախարարը նշեց, որ ԿԳՆ-ն ցանկություն ունի պարտադիր 12-ամյա կրթությանն անցնելու։ «Նախագիծն արդեն ԱԺ-ում է, բայց դեռևս չի քննարկվել, օրենքը սկիզբն է լինելու ծրագրի ներդրման»,-ասաց նա և հավելեց, որ 12-ամյա պարտադիր կրթությանն անցնելը հրամայական է, քանի որ յուրաքանչյուր տարի ցույց է տալիս, որ ամեն տարի 4-5 հազար պատանի դուրս է մնում կրթությունից, որովհետև 9-ամյա բազային ցենզով, մտածում է, վաստակել է անհրաժեշտ կրթություն։
«Բայց բոլորս էլ գիտենք, որ նման կրթական ցենզով ապագա քաղաքացին իր տեղը դժվարությամբ կգտնի աշխատաշուկայում»,-ասաց նա։
Աշոտյանի խոսքով՝ այս տարի փորձ է արվելու նաև կրեդիտային համակարգ ներդնել ավագ դպրոցներում և ընդգծեց, թե արդեն իսկ ապացուցված է բուհական համակարգում կրեդիտային համակարգի կենսունակությունը:
«Ազգային երգ ու պար ծրագրի փորձնական փուլը 10 դպրոցներում կիրականացվի, 1.5-2 տարվա ընթացքում պարզ կլինի, որ դասարանից է այն լինելու պարտադիր»,-տեղեկացրեց նախարարը:
Աշոտյանը նշեց նաև, որ այս տարի կներդրվի նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի առաջին փուլը, ըստ որի՝ առաջին դասարանցիներին միանվագ դպրոցական սնունդ կմատակարարվի: Աշոտյանը շեշտեց, որ այս ծրագիրը, բացի առողջապահական ու սոցիալական լինելուց, նաև գյուղատնտեսական է, քանի որ խթանելու է հայկական արտադրանքը: «Ծրագիրը մեկնարկելու է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում»,-ասաց նա։
Արմեն Աշոտյանը խոսեց նոր վարկային ծրագրից, որի շրջանակում այս տարվա մյուս բարեփոխումը լինելու է այն, որ դպրոցական կահույք է մատակարարվելու ՀՀ բոլոր ավագ դպրոցներին։
Ավագ դպրոցների հետ կապված ևս մի բարեփոխում է լինելու. «17-20 ավագ դպրոց ամբողջովին կվերանորոգվեն, դպրոցների ընտրությունը պայմանավորված է շենքային կարիքների պրոֆեսիոնալ գնահատմամբ և դպրոցների աշխարհագրություններով, որպեսզի յուրաքանչյուր մարզում գոնե մեկ նման դպրոց ունենանք»,-ասաց Աշոտյանը: Այս վարկային ծրագրով կտրամադրվի աջակցություն բուհերին՝ ժամանակից լաբորատոր սարքավորումների տեսքով։
Նախարարն անդրադարձավ ռազմահայրենասիրական դաստիարակությանը` նշելով, որ ՊՆ–ի ու ԵԿՄ-ի հետ նոր հայեցակարգ է մշակվելու, որպեսզի հայրենասիրական դաստիարակության սկզբունքները համապետական բնույթի լինեն:










