Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

17:46 • 25.08.14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված են եղել  սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Շահումյանի շրջանում և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցների, իրականացված աշխատանքների, դրանց արդյունքների ու հետագա անելիքների մասին և ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի մասին հարցերը:  Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Առաջին հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարները: 

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ համակարգված աշխատանքի, Արցախի պաշտպանության բանակի և համապատասխան կառույցների համատեղ գործողությունների շնորհիվ հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր ոտնձգություներն արդյունավետորեն կասեցվել են` նրան պատճառելով մեծ կորուստներ: Երկրի Նախագահի բնութագրմամբ` ԼՂՀ պատասխան գործողությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին Արցախի զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին և հայրենասիրությունը, հասարակության համախմբվածությունն արտաքին վտանգի դեմ և նրանց պատրաստակամությունը պաշտպանելու երկրի անկախությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը: 

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի հրամանատարությանը և ողջ անձնակազմին, Արցախի ազատամարտիկներին, համապատասխան կառույցների ստորաբաժանումների ծառայողներին, մեր ժողովրդին և իշխանություններին՝ ցանկացած ոտնձգություն համախմբված և արդյունավետորեն կասեցնելու ունակությունների ու կարողությունների համար` այն համարելով պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության լավագույն դրսեւորում:  

Երկրորդ հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել փոխվարչապետ, ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը: 

Նախագահ Սահակյանը կարևորել է նախատեսված բոլոր միջոցառումների կազմակերպված և բարձր մակարդակով անցկացումը: 

Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը և համապատասխան կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: