Մարզերում պետք է ավելացվի արհեստագործական ուսումնարանների թիվը. Անահիտ Բախշյան

23:08 • 25.08.14

Պարտադիր 12-ամյա կրթությունը կլուծի բոլոր այն երիտասարդների խնդիրները, ովքեր հիմնական դպրոցն ավարտելուց հետո դուրս էին մնում կրթությունից՝ առանց որևէ մասնագիտություն ստանալու: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե ԿԳՆ-ն ցանկանում է անցնել պարտադիր 12-ամյա կրթության:

 

Նշենք, որ լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ասել էր, թե նախագիծն արդեն ԱԺ-ում է, բայց դեռևս չի քննարկվել, օրենքը ծրագրի ներդրման սկիզբն է լինելու:
 

«Տարեկան 4-5 հազար երիտասարդ հիմնական դպրոցից հետո դուրս է մնում կրթությունից: Սրա նպատակն այն է, որ հատկապես այդ երիտասարդները հասկանան, որ կարող են արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներ գնալ և որոշակի մասնագիտություններ ձեռք բերել, որոնց կարիքն այսօր շատ կա Հայաստանում: Այս տեսակետից խրախուսում եմ նախարարության այդ քայլը և հույս ունեմ, որ մեր արհեստագործական ուսումնարանները բոլոր մարզերում կստեղծեն հնարավորություն, որ գյուղերի երեխաները կարողանան հաճախել այդ ուսումնարաններ և ստանալ համապատասխան մասնագիտություն»,-ասաց տիկին Բախշյանը՝ հավելելով սակայն, թե վստահ չէ, որ դա այդպես կլինի:

 

Ըստ նրա՝ նպատակը լավն է, բայց այսօր եղած ուսումնարանների թվով և առկա խնդիրներով այդ նպատակն իրականացնելը դժվար է:


«Մարզերում պետք է արհեստագործական ուսումնարանների թիվն ավելացվի, նախկինում եղածները վերականգնվեն և համալրվեն այնպիսի տեխնիկական միջոցներով, որոնք կնպաստեն տվյալ մասնագիտությունը մատուցելուն»,-ասաց նա: