Կալիֆոռնիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 120-ի (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 120-ի, հայտնել է Queen of the Valley Hospital բժշկական կենտրոնի տնօրեն Ուոլթ Միկենսը, փոխանցում է РИА Новости-ն։
Միկենսի խոսքով՝ կենտրոնում է գտնվում առնվազն 120 մարդ, տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Նա նաև հայտնել է, որ տուժածներից 6-ը, այդ թվում՝ մեկ երեխա, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը կիրակի հայտնել էր, որ 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Նապա քաղաքից 9 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժից տուժած շրջաններում Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն է սահմանել։ Նա նաև կարգադրել է նահանգի պետական ծառայություններին օգնություն ցուցաբերել տեղական իշխանություններին՝ երկրաշարժի հետևանքների վերացման հարցում։














