Մինչև 2015թ. Արցախում ենթակառուցվածքային առումով շատ ավելի զարգացած համակարգ ենք ունենալու. ԼՂՀ ԱԺ նախագահ

15:30 • 25.08.14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշում է, որ մինչև 2015 թվականը Արցախում ենթակառուցվածքային առումով շատ ավելի զարգացած համակարգ է գործելու: Ըստ նրա՝շատ լուրջ կարևորություն ունի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, քանի որ այդ տարածքում բոլոր գյուղերը կապված են այդ մայրուղուն։ Նաև, առաջիկա երկու տարիների համար ծրագրվում է Հայաստանը Արցախին կապող մեծ էներգահամակարգի հիմնում: ԱԺ նախագահն անդրադարձավ նաև Արցախի խնդիրներին, զարգացման ծրագրերին և մինչ այսօր արված աշխատանքներին: 

-Արցախի վերաբնակեցման գործընթացն ի՞նչ փուլում է, ի՞նչ ձեռքբերումներ ունեք:

-Վերաբնակեցման գործընթացը շարունակվում է, որովհետև այդպիսի ծրագիր չկա, որ մենք մի քանի տարի սահմանենք գործընթացի ավարտի համար: Մշտապես ունենալով նաև Արցախի ժողովրդագրական զարգացման ծրագիրը՝ մենք հետևողականորեն պետք է աշխատենք Արցախի շրջաններում վերաբնակեցման ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Պարզապես պետք է ընդունենք, որ վերաբնակեցում ինքն իրեն կամ հանպատրաստից չի լինում: Մեր ցանկությունն է միանգամից մի քանի հազար մարդկանց վերաբնակեցում կազմակերպել Արցախում, բայց տնտեսական, ֆինանսական հնարավորությունները մեծ չեն, որ մենք այդպիսի մեծ ծավալներով կարողանանք իրականացնել: Ամեն տարի մի քանի տասնյակ մարդիկ հաստատվում են Արցախում: Նաև սիրիահայերի վերաբնակեցման այդպիսի ծրագիր է իրականացվել: 

Իհարկե, վերաբնակեցման ծավալներն այնպիսին չեն, որը մենք ենք ուզում, բայց ամեն դեպքում, օրինակ, սիրիահայերի վերաբնակեցումն Արցախում եղել է մինչ սիրիական խնդիրները, ինչը նաև հիմք է տվել, որ բնակչության մի մասը, որն արդեն կապեր ուներ Արցախում, իրենց միջոցով տեղեկություններ ստանան և տեղափոխվեն Արցախ: Վերաբնակեցմանը զուգահեռ մենք պետք է կարողանանք ծայրամասային գյուղերի խնդիրները լուծել: 

-Արցախում եզդիների վերաբնակեցման շուրջ ի՞նչ տեսակետ ունեք, և արդյոք հնարավո՞ր է Արցախում դեմոգրաֆիկ պատկեր փոխվի: 

-Պետք է աշխատել այդ ուղղությամբ առանց երկար-բարակ խոսելու: Ղարաբաղի իշխանությունները չեն բացառել այդպիսի հնարավորություն, և ես չեմ կարծում, որ դա լինելու է այնպիսի ծավալներով, որը կարող է ազդել: Բայց նման հարցերում ավելի ճիշտն աշխատելն է: Այդպիսի հարցերում ես կողմնակից եմ, որ մենք դիվանագիտական արդյունքների հետևից չընկնենք, դա շատ ավելի մարդկային խնդիր է, քան դրա տակ քաղաքական կամ դիվանագիտական բան որոնելը: Դրա համար ճիշտ է, որ մենք հանգիստ, մեր հնարավորությունների սահմաններում աշխատենք: 

-Ճանապարհների կառուցման և նորոգման շուրջ ի՞նչ աշխատանքներ են տարվում: 

-Սա ցավոտ խնդիր է, մենք 1994-95 թվականներից սկսած ավելի շատ մեծ ռազմավարական ծրագրեր ենք իրականացրել: Ինչ վերաբերում է գյուղերն իրար կապող ճանապարհներին, ապա դրանք շարունակական աշխատանքներ են, ամեն տարի Արցախի բյուջեից գումարներ ենք դնում դրա համար: Կարծում եմ, որ առաջիկա երկու տարիներին շատ լուրջ օժանդակություն է լինելուՎարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, այդ տարածքում բոլոր գյուղերն էլ կապված են այդ մայրուղուն, հետևաբար այն շատ մեծ ենթակառուցվածքների խնդիր է լուծելու: Մենք մինչև 2015 թվականը ենթակառուցվածքային առումով շատ ավելի զարգացած համակարգ ենք ունենալու Արցախում: Բայց դրանով չպետք է ավարտած համարել մեր աշխատանքը, այս տարիների համար ծրագրվում է նաև Հայաստանը Արցախին կապող մեծ էներգահամակարգի հիմնումը: 

-Երիտասարդ ընտանիքներին աջակցության ի՞նչ ծրագրեր են իրականացվում: Բնակչության թվաքանակի հետ կապված ի՞նչ փոփոխություններ են եղել: 

-Ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են երիտասարդ ընտանիքներին, ծնելիության զարգացմանը: Ամեն մի նոր ծնվող երեխայի համար Արցախի իշխանությունների կողմից բանկում հաշիվ է բացում: Ամեն մի 6-րդ երեխայից սկսած ընտանիքը ստանում է նոր բնակարան կամ առանձին տուն: Եվ հիմա մտածում ենք, որ դա իրականացվի ամեն 5-րդ երեխայի համար: Մեր ծրագրերը երևի բավարար են, որպեսզի երիտասարդ ընտանիքները երեխաներ ունենան:
Վերջին տարիների համեմատ բնակչության ոչ շատ աճ է եղել, ոչ էլ նվազել է: Ես չեմ կարող ասել, որ արտագաղթ չկա, բայց դա այն ծավալի չէ, որը մտահոգի: Հիմնականում գնում են աշխատելու համար:

-Իսկ ի՞նչ սպասումներ ունեք Արցախցի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին Ռուսաստանում ձերբակալման հետ կապված: 

-Շատ դժվար է գնահատականներ տալը։ Ամեն դեպքում մեր առնչությունը Լևոն Հայրապետյանի հետ մեզ բոլորիս հուշում է, որ այն, ինչ տեղի է ունեցել նրա հետ, մեր կարծիքով, ամենայն հավանականությամբ, թյուրիմացություն է, կամ տեղի է ունեցել չպարզված ինչ-որ հանգամանքների բերումով: Ղարաբաղից արդեն տարբեր ձևաչափերով այդպիսի հայտարարություններ եղել են՝ ոչ թե ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի, քանի որ, կարծում եմ, նա պաշտպանության կարիք չունի: Տվյալ դեպքում մեզ համար կարևոր է նրա առողջական խնդիրների հարցը: Լինելով ազատության մեջ՝ Լևոն Հայրապետյանը շատ ավելի օգտակար կլինի նույն այդ գործերի հետաքննությունը տանելու առումով: Այս ամենը մեզ հիմք է տալիս ասել, որ Լևոն Հայրապետյանը շուտով ազատության մեջ կլինի ու կշարունակի իր բարեգործական և բոլոր կարգի գործերն ի օգուտ Արցախի: 

Լրագրողների այցն Արցախ կազմակերպվել էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և Հայաստանյան «World Vision» կազմակերպության աջակցությամբ: