Կադիրովը բայքերների ակումբի անդամ է դարձել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Գիշերային գայլեր» մոտոակումբի անդամ է դարձել: Այդ մասին Կադիրովը հայտնել է Instagram-ում, գրում է lenta.ru-ն:
«Ակումբի վետերանների ընդհանուր որոշմամբ ես ընդգրկվել եմ «Գիշերային գայլեր»-ի կազմում: Որպես այդ մասին վկայություն՝ ինձ շնորհել են ակումբի թևկապ»,- գրել է Կադիրովը՝ հավելելով, որ այժմ Գրոզնիում կա մոտոակումբի մասնաճյուղ:
Բայքերները, ինչպես հայտնել է Չեչնիայի ղեկավարը, հանրապետություն են եկել իր հրավերով: Կիրակի երեկոյան Կադիրովը նրանց պատվին ճաշկերույթ է կազմակերպել:
«Խիրուրգ» մականունով «Գիշերային գայլեր»-ի առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովը, Կադիրովի կարծիքով, «միշտ իր մարդկանց հետ հայտնվում է այնտեղ, որտեղ պետք է Ռուսաստանին»: «Նա պետական մտածողությամբ, կարևոր հարցերի վերաբերյալ հստակ և ամուր դիրքորոշմամբ մարդ է»,- հայտարարել է Չեչնիայի ղեկավարը:










