Վրաստանի հոգևորականությունը երթ է անցկացնում դեպի «КаZантип»-ի անցկացման վայր
Հոգևորականներն ու հավատացյալները երթ են անցկացնում Անակլիայում և շարժվում են դեպի «КаZантип» երիտասարդական փառատոնի անցկացման վայր, հաղորդում է Грузия Online-ը: Ինչպես IPN գործակալությանը հայտնել է հոգևորականներից մեկը, նրանք բողոքում են «КаZан-օրգիայի» դեմ:
Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ դա «ժողովրդի ցավն է», և որքան շուտ ավարտվեն օրգիաները, այնքան լավ:
Ցուցարարները ձեռքերում պաստառներ են պահել՝ «КаZантип-ն անբարոյականություն է», «Խնդրում ենք իշխանություններին թույլ չտալ անբարոյականության քարոզ», «Մի՛ դարձրեք Վրաստանը Սոդոմ և Գոմոր» գրություններով:
Ինչպես հայտարարում են հոգևոր անձինք, նրանք կհասնեն մինչև այնտեղ, որտեղ իրենց թույլ տան, և կաղոթեն:
«КаZантип» փառատոնը, որը բացվել է այս ամսվա 20-ին, կշարունակվի մինչև օգոստոսի 30-ը:










