Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սրացումը հետագայում կարող է որոշակի անդրադարձ ունենալ Հայաստանի վրա. քաղաքագետ
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը գտնում է, որ Ռուսաստանին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չհրավիրելու որոշումը Ռուսաստանի հետ փոխգործակցության կասեցման տրամաբանական շարունակությունն է. Ռուսաստանի մասնակցությունը նպատահարմար չեն համարել այդ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ռուս դիվանագետները չեն ստացել սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցության հրավեր, որտեղ կքննարկվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները:
«Միաժամանակ՝ ՆԱՏՕ-ի համար ի հայտ է գալիս մեկ այլ խնդիր` նոր մոտեցումներ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում, և կոպիտ ասած՝ դա արդեն իրենց ներքին գործն է դառնում, թե ինչպես են նրանք տեսնում իրենց նոր տեսլականը։ Հետաքրքիր է Մերկելի այն հայտարարությունը, որ ՆԱՏՕ-ն չի տեսնում ապակայուն Ուկրաինան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, և համապատասխանաբար խնդիրը վերաբերում է նրան, որ անհրաժեշտ է մտածել նոր մոտեցումներ ո´չ միայն Ռուսաստանի հետ գործակցությունը շարունակելու հարցում, այլև՝ զուգահեռ ներկայացնելու այն տեսլականը, որը վերաբերում է այնպիսի երկրներին, ինչպիսին Ուկրաինան է և Վրաստանն են»,-ասաց քաղաքագետը:
Հարցին, թե այս երկու բևեռի հարաբերությունների սրումը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը դադարեցնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` հաշվի առնելով, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, Ալեքսանդր Մարգարովը պատասխանեց. «Հայաստանն ունի իր համագործակցության ծրագիրը ՆԱՏՕ-ի հետ, և այն վերաբերում է որոշակի բարեփոխումների` բանակային կորպուսի շրջանակում: Այդ համագործակցությունը չի կրում անմիջական ռազմական բնույթ, այլ վերաբերում է բազմաֆորմատ համագործակցությանը, որն այս պարագայում ամենայն հավանականությամբ՝ կշարունակվի: Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ապա դա այլ ֆորմատ է, և ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները վերաբերում են անվտանգության ավելի լայն շրջանակների, որտեղ ՆԱՏՕ-ի դերը Հայաստանի համար ավելի քիչ է»:
Հավելող հարցին, թե հետագայում Հայաստանը չի՞ կանգնի «կա´մ, կա´մ»-ի առաջ, քաղաքագետը պատասխանեց.«Համենայն դեպս՝ այսօրվա վիճակում այդ խնդիրը դրված չէ: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կրում է այլ բնույթ, ավելի ցածր մակարդակի է, համագործակցության ֆորմատը և ծավալը բացարձակապես այլ են»,-ասաց նա։
Ըստ Ալեքսանդր Մարգարովըի` Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սրացումը որոշակի անդրադարձ կարող է ունենալ Հայաստանի վրա , որը հնարավոր է՝ կապված լինի հետագայում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ֆորմատի փոփոխության ենթարկվելու հետ: «Սակայն հիմա մենք ունենք որոշակի իրական ուղղություններ, որոնց շրջանակում այս համագործակցությունը տեղի է ունենում և չի ենթարկվում վերանայման»,-հավելեց քաղաքագետը:










