Հունաստանում ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունման հարցում կարող է գերիշխել սառը և քաղաքական հաշվարկը. թուրքագետ
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գտնում է, որ Հունաստանի խորհրդարան ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծ ներկայացնելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից մեկն այն է, որ հույները հայերի բախտակիցն են, քանի որ օսմանյան կայսրությունում նրանք ևս ենթարկվել են ցեղասպանության, և բնական է, որ այդ հարցին նրանց մոտեցումն ավելի զգայուն պետք է լինի:
Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանի օրակարգ է բերվել ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հունական ԶԼՄ-ները, Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել է, որ «Այլատյացության դեմ» օրենքում ավելացվել է Պոնտոսի հույների, հայերի եւ Փոքր Ասիայի ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու վերաբերյալ հոդված:
«Բացի այդ՝ թուրք-հունական հարաբերությունները տարբեր ոլորտներում խնդրահարույց են եղել, և հիմա էլ չեմ կարող ասել, որ շատ լավ մակարդակի են: Ես կարծում եմ, որ Հունաստանում ցեղասպանության հերքումը քրեականացնելը կարող է բավական հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ: Ամեն դեպքում՝ գտնում եմ, որ Թուրքիան ո´չ միայն ագրեսիվ է արձագանքելու, այլ նաև՝ տարատեսակ լծակներով փորձելու է կասեցնել դա: Չմոռանանք, որ Հունաստանը և Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում գործընկերներ և դաշնակիցներ են, այնպես որ՝ սառը և քաղաքական հաշվարկը կարող է գերիշխել այս հարցում»,-ասաց նա:
Ըստ թուրքագետի` օրինագծի հարցում մեծ դեր ունի նաև այն, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է մոտենում:
«Բացի այդ՝ այս շրջանում հատկապես՝ եզդիների հետ կապված իրադարձությունները ևս մեկ անգամ աշխարհին ստիպեցին հասկանալ, որ եթե նախկինում կատարված հանցագործությունները չեն դատապարտվում, ապա դա պարարտ հող է ստեղծում հետագայում նոր ցեղասպանությունների համար: Եթե քաղաքակիրթ աշխարհը դատապարտեր Հայոց ցեղասպանությունը, ապա կարծում եմ, որ եզդիների նկատմամբ այս վերաբերմունքը մի փոքր այլ կլիներ: Աշխարհը բախվեց իր իսկ ուրացմանը. եթե ուրանում են մի հանցագործություն, ապա դա ծնում է նորը»,-ասաց թուրքագետը:
Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց, որ Թուրքիան Հունաստանի հետ կապված բավականին ագրեսիվ հարաբերությունների փորձ ունի, և երբ միջազային ասպարեզում սրվում էին թուրք-հունական հարաբերությունները, Թուրքիան իր տարածքում ապրող հույների նկատմամբ իրականցում էր ջարդարարական, ցեղասպանական գործողություններ կամ ներխուժում էր Կիպրոս:
«Կարծում եմ՝ Թուրքիան տարբեր ոլորտներում կկարողանա կյանքի կոչել իր լծակները և փորձել խոչընդոտել օրենքի ընդունմանը: Թուրքիայի հակաքայլը կլնի բազմավեկտոր և տարբեր հարթակներում, որոնցից, կարծում եմ, որ ամենվճռականը և նշանակալիցը կլինի ՆԱՏՕ-ի համատեքստում»,-ասաց նա:










