Մինսկի խմբի համանախագահող երկիր ՌԴ-ն չէր կարող չանդրադառնալ Կ. Պետրոսյանի մահվանը, քանի որ խայտառակ իրադրություն է. Ս. Մինասյան

19:16 • 25.08.14

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի անդրադարձը սահմանամերձ Չինարի համայնքի՝ Ադրբեջանի կողմից գերեվարված բնակչի՝ Կարեն Պետրոսյանի մահվանը, չի նշանակում, որ ՌԴ արտաքին քաղաքականության մեջ որևէ բան փոխվել է, այստեղ պարզապես խոսքը կոնյուկտուրային մի իրադարձության մասին է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

 

«Ընդհանրապես՝ ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին առանձնահատուկ փոփոխություն չի էլ կրել: Մինսկի խմբի համանախագահներն այս կամ այն ձևով հարցին անդրադարձել են, քանի որ սա չափազանց խայտառակ իրադարձություն է, և չեմ կարծում, թե դա կարող էր ընդունելի լինել միջազգային հանրության կողմից»,-ասաց նա:

 

Սերգեյ Մինասյանն ընդգծեց, որ համանախագահող երկրների կողմից Կարեն Պետրոսյանի անուն ազգանունն ընդգծելը վկայում է, որ նրանք լուրջ անհանգստացած են այս դեպքի կապակցությամբ:


«Բայց քանի որ կային տասնյակ զոհեր ադրբեջանական կողմից, նաև հայկական կողմն ուներ զոհեր, դժվար կլիներ մի զոհի մասին խոսելով՝ արծարծել նաև մյուսների խնդիրը»,-ասաց նա:

 

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելն ուղեկցվում է մարդկային կորուստներով և՝ ո´չ միայն զինված ընդհարումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաև՝ կյանքից զրկված մյուս հայերի ու ադրբեջանցիների հարազատներին»: