Գնդեվազցիների բողոքը կապված է հողերի դիմաց տրվող գումարի չափի, ո´չ թե Ամուլսարի հանքի շահագործման հետ. համայնքի ղեկավար

22:46 • 25.08.14

Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում այսօր տեղի են ունեցել Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի մասին հանրային լսումեր, որի ընթացքում, ինչպես տեղեկացնում է ecolur.org լրատվական կայքը, գնդեվազցիներն իրենց դժգոհությունն են արտահայտել ու նշել, որ իրականում գնդեվազցիների 5%-ն է մասնակցում լսումներին, և որ ի վերջո՝ իրենց առողջությունն է վտանգված, ու ողջ գյուղը վտանգի առաջ է կանգնելու: Tert.am-ի հետ զրույցում Գնդեվազ համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանը նշեց, որ մոտ 80 գնդեվազցի մասնակցել է հանրային լսումներին, իսկ խնդիրը եղել է Ամուլսարը որպես հանք շահագործելու հայտ ներկայացրած «Գեոթիմ» ընկերության կողմից որոշակի հողերի դիմաց առաջարկվող գումարի չափը:

 

«Նրանք ո´չ թե դեմ են, որ հանքը շահագործվի, այլ՝ հողերի հետ կապված խնդիր կա: Օրինակ՝ կան պտղատու այգիներ, և յուրաքանչյուր պտուղ, կախված նաև իր տարիքից, մի գին ունի: Օրինակ՝ ծիրանենիների դեպքում տարբերում են 0-1 տարեկան, 1-5 տարեկան և 5-ից բարձր ծառեր: Վերջինների դիմաց վճարվում է 305 հազ., իսկ դրանից ցածրները՝ մինչև 30 հազ. դրամ: Գյուղացին ասում է՝ իմ ծառը երկու տարի անց նույնն է լինելու, ու ես բիզնեսով եմ զբաղվելու, ինչի՞ եք էդպես հաշվում: Համայնքն ընդհանուր առմամբ՝ դեմ չէ հանքի շահագործմանը»,-ասաց նա:


Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագիծն իրականացնում է «Lydian International» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է «Գեոթիմ» ՓԲԸ-ն: Ամուլսարի ծրագրի գլխավոր ներդրողներն են` Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD):

 

Հարցին՝ եթե համայնքը դեմ չէ, ինչու՞ է ավելի քան 210 գնդեվազցի նամակ հղել Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակին՝ պահանջելով դադարեցնել ծրագրի ֆինանսավորումը, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ ինքը սկզբում դրանից տեղյակ չի եղել, իսկ իմանալուց հետո ուսումնասիրել ու պարզել է, որ խնդիրը կրկին հողերի դիմաց վճարվող գումարի չափն է:

 

«Բոլորս էլ հսկանում ենք հանքի բացասական հետևանքները, բայց սա հնարավորություն է, որ համայնքը զարգանա, ես ինքս ժողովրդի կողմից եմ, այստեղ ծնվել, մեծացել եմ, գյուղատնտեսություն եմ վարում: Ես ուզում եմ, որ ժողովուրդը չտուժի, հետագայում ինչ-որ վատ բանի չհանգի, բայց փորձում ենք ժողովրդին ավելի ճիշտ ինֆորմացիա տալ ու հետո կորոշենք՝ գործելու՞ է հանքը, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ պետք է թույլ տանք՝ հանքը շահագործվի, իսկ եթե տեսնենք, որ բացասական ազդեցություն է ունենում, ոտքի կելնենք ու թույլ չենք տա, մեր ձեռքը չի՞: Մենք չենք կարող այս գյուղից թողնել, գնալ, մեր գերեզմանները թողնել, գնալ, եթե տեսնենք՝ ինչ-որ խնդիր ճիշտ չի լուծվում, միանշանակ ոտքի կկանգնենք ու դրա դեմը կառնենք»,-ասաց նա: