ԱՄՆ դեսպանը դեռ չի արձագանքել Իրաքի եզդիներին զենքն ու օգնությունն անմիջական տրամադրելու՝ ՀՀ-ի եզդիների բարձրացված հարցերին

23:30 • 25.08.14

Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչները դեռևս Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնից պատասխան չեն ստացել իրենց բարձրացրած հարցերի առնչությամբ և դեռ սպասում են: Այս մասին Tert.am-ին ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին։

 

Հիշեցնենք, որ դեսպանի հետ հանդիպել են Հայաստանի եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչներ` քննության առնելով Իրաքի եզդիների ներկայիս դրությունը և Միացյալ Նահանգների գործողություններն այնտեղ։


«Սպասում ենք այդ հարցերի պատասխանին, հենց պատասխանից է կախված՝ որքանով էր արդյունավետ մեզ համար այդ հանդիպումը»,-ասաց նա։

 

Թե մասնավորապես ինչ հարցեր են առաջադրել դեսպանին՝ Բորիս Մուրազին պատասխանեց. «Խնդրել ենք, որ Իրաքի եզդիներին զենք տրամադրեն: Այսինքն՝ զենք մատակարարեն անմիջապես տեղի եզդիներին, և ոչ թե քրդերին, որովհետև քրդերին տրամադրված զենքը նավթային տարածքների պաշտպանության համար է օգտագործվում»։

 

Հաջորդ հարցը, որ բարձրացրել են, հումանիտար օգնությանն է վերաբերել. խնդրել են, որ օգնությունը ո´չ թե միջնորդավորված լինի, այլ՝ ուղիղ տրամադրեն եզդիներին. «Այդ ամենը պետք է հասնի Քրդական ինքնավար կառավարության միջոցով, բայց իրականում այդ կառավարությունը նշյալ օգնությունը չի հասցնում եզդիներին, և անգամ դրա հետ կապված երեկ բողոքի ակցիա եղավ։ Եզդի փաստականները բողոքի են դուրս եկել, որ իրենց տրամադրված օգնությունը տեղ հասնի, որովհետև մարդիկ 3 օրը մեկ են սնունդ և ջուր ստանում, ինչը փախստականների ճամբարներում մեծ խնդիր է առաջացնում»,-ասաց նա։

 

«Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահը նշեց, որ բարձրացված հարցերը քննարկել են Իրաքի եզդիների հետ, նոր միայն բարձրացրել դեսպանի հետ հանդիպմանը։ «Դեսպանը մեզ ասաց, որ առաջին անգամ է լսում նման խնդիրների մասին, քանի որ իրենք վստահ են եղել, որ քրդերին օգնելով՝ օգնում են նաև եզդիներին։ Իսկ Իրաքում եզդիները շատ դեպքերում հնարավորություն չեն էլ ունենում ուղիղ կապի մեջ մտնել դիվանագետների հետ»,-նշեց նա։