ԱՄՆ-ում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Twitter-ում հաղորդագրության պատճառով

09:51 • 25.08.14

Դալասից Սան Դիեգո ուղևորվող ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջով: Դա տեղի է ունեցել, երբ Twitter-ում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ ինքնաթիռում ռումբ է տեղադրված, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով CBS News-ին:

 

Դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ օգոստոսի 24-ին, American Airlines ավիաընկերությանը պատկանող Բոինգ 757 ինքնաթիռում, որն իրականացնելիս է եղել 362 չվերթը: Ինքնաթիռում եղել է 172 ուղևոր:

 

Արիզոնա նահանգի Ֆինիկսի օդանավակայանում արտակարգ վայրէջքի մասին որոշումը Դաշնային բյուրոյի գործակալները կայացրել են, երբ ավիաընկերությունը ռումբի մասին նախազգուշացում է ստացել, որը հաքերներն ուղարկել են Twitter-ում Sony Online Entertainment-ի նախագահ Ջոն Սմեդլիի անձնական էջից, ով նույնպես թռչելիս է եղել այդ չվերթով:

 

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Տարհանվել են բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ինչից հետո ոստիկանները ստուգել են ինքնաթիռն ու ողջ ուղեբեռը:

 

Չի հաղորդվում՝ ռումբ հայտնաբերվել է, թե ոչ: