Դոնեցկում գերեվարված զինվորների «շքերթը» խախտում է Ժնևյան կոնվենցիան. Human Rights Watch

12:59 • 25.08.14

Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ռուսամետ անջատողականների կազմակերպած ակցիան, միջազգային իրավապաշտպանների խոսքերով, խախտում է Ժնևյան կոնվենցիան, որը պահանջում է մարդասիրական և հարգալից վերաբերմունք ռազմագերիների հանդեպ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Հիշեցնենք, որ կիրակի ռուսամետ անջատողականները Դոնեցկի կենտրոնում ուկրաինացի ռազմագերիների «շքերթ» էին կազմակերպել։ Այդպիսով՝ նրանք որոշել էին պատասխանել Ուկրաինայի Անկախության օրվա տոնակատարությանը։

 

«Ուկրաինացի զինվորների երթը Դոնեցկում խախտում է Ժնևյան կոնվենցիան, դա արժանապատվության վիրավորում է»,- Twitter-ում գրել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության շրջանային բաժնի տնօրենի տեղակալ Ռեյչել Դենբերը։

 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված Ժնևյան կոնվենցիայի 3-րդ հոդվածը կտրականապես արգելում է «մարդկային արժանապատվությանը ոտնձգությունը, մասնավորապես՝ վիրավորանքը և ստորացուցիչ վերաբերմունքը»։

 

Տվյալ «շքերթն» այդ արգելքի բացահայտ խախտում է և կարող է դիտարկվել որպես ռազմական հանցագործություն, գրել է Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Օլե Սոլվենգը։