Բակո Սահակյանը շնորհավորել է Ռաուլ Խաջիմբային` Աբխազիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ

17:19 • 26.08.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռաուլ Խաջիմբային` Աբխազիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Ուղերձում ասված է. «Հարգարժան Ռաուլ Ջումկի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու եւ Աբխազիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: 

Ձեզ գիտեն որպես փորձառու քաղաքական գործչի, ով էական ավանդ է ունեցել աբխազական անկախ պետականության կայացման գործում: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ կզարգանա ու կզորանա: 

Լեռնային Ղարաբաղում կարեւորում են Աբխազիայի հետ կապերի ամրապնդումը եւ հույս հայտնում, որ Ձեր նախագահության տարիներին մեր երկրների միջեւ փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:
Ընդունեք մեկ անգամ ևս իմ ջերմ շնորհավորանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողության բարեմաղթանքները Ձեր բոլոր ձեռնարկումներում` հանուն եղբայրական Աբխազիայի խաղաղության ու բարգավաճման»: