Բանտարկյալները և Բրազիլիայի իշխանությունները պայմանավորվել են խռովությունը դադարեցնելու մասին
Բրազիլիայի իշխանությունները և Բրազիլիայի Կասկավել քաղաքի բանտի կալանավորները երկուշաբթի օրը համաձայնություն են ձեռք բերել խռովությունը դադարեցնելու մասին, որի հետևանքով չորս մարդ էր մահացել, գրում է ria.ru-ն:
Խռովությունը սկսվել է անցած կիրակի օրը: Իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով՝ կալանավորները նախաճաշի ժամանակ գերի են վերցրել անվտանգության ծառայության աշխատակցին: Ավելի ուշ նրանք հափշտակել են ևս մի քանի աշխատակցի և կալանավորի: Հաղորդվում է, որ կալանավորները պահանջում էին սննդի և բժշկական օգնության բարելավում:
«Ոստիկանության և կալանավորների միջև համաձայնություն է ստորագրվել խռովությունն ավարտելու համար, այժմ կալանավորներին տեղափոխում են այլ բանտ, քանի որ այդ բանտի գրեթե կեսը ավիրված է, ինչից հետո ազատ կարձակվեն պատանդ վերցված երկու աշխատակիցները»,- հայտարարել է Պարանա նահանգի արդարադատության նախարարության ներկայացուցիչը:
Անկարգություններին մասնակցել է ընդհանուր առմամբ մոտ 800 կալանավոր՝ բանտում պահվող դատապարտյալների 80 տոկոսը: Խռովության ընթացքում երկու կալանավոր գլխատվել է, ևս երկուսը մահացել են, երբ նրանց նետել են բանտի ներսում գտնվող կառույցների տանիքներից:










