Հարբած ադրբեջանցու պատճառով Դուբայ - Մոսկվա օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում (տեսանյութ)
РИА Новости գործակալությունը տեղեկացնում է, որ ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ - Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում: Օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել առավոտյան ժամը 05.00-ին և այնտեղ գտնվել մոտ 2,5 ժամ:
Պատճառը հարբած ուղևորն է եղել, որը կռիվ է սարքել օդանավում: Հաղորդվում է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է: 30-35 տարեկան տղամարդը նախ սկսել է բարձր խոսել, ապա անհարիր խոսքեր ասել, հետամտել երեխաներին:
Օդանավում միայն կին ուղեկցորդուհիներ են եղել, և նրանք խնդրել են տղամարդ ուղևորների օգնությունը՝ ադրբեջանցուն սաստելու համար: Ականատեսներն ասում են, որ նրան կարողացել են զսպել վեց տղամարդիկ:
Նշվում է, որ օդաչուները տղամարդուն ցանկացել են հանձնել հայաստանցի ոստիկաններին, սակայն վերջիններս նրան ընդունել հրաժարվել են: Միայն ձեռնաշղթա են հագցրել, իսկ ժամանած բուժաշխատողները հանգստացնող ներարկում են արել:
Օդանավն իր թռիչքը Մոսկվա շարունակել է արդեն քնած ադրբեջանցու հետ, որին հանձնել են ռուսաստանցի իրավապահներին:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկատվությունը՝ խորհուրդ տալով դիմել ՀՀ ոստիկանություն: ՀՀ ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ իրենց հետ դեպքն առնչություն չունի, քանի որ ուղևորը ՀՀ սահմանը չի հատել, ուղղակի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոցում»՝ ադրբեջանցի ուղևորի անկառավարելի պահվածքի պատճառով:










