Եզդի տղամարդկանց միանգամից սպանում են, իսկ կանանց և երեխաներին՝ սև շուկայում վաճառում. ՀԿ նախագահ
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը գտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր առաջ նպատակ է դրել ոչնչացնել եզդիներին: Նա նշեց, որ հարյուրավոր եզդիներ փախստականի կարգավիճակում են և պատսպարվում են իրենց համար ստեղծված ճամբարում, սակայն այդ ճամբարի մասին ևս գիտեն իսլամիստները: Նա նշեց, որ եզդիները նաև Սինջար լեռան մոտ են պատսպարվում, սակայն կենտրոնացված չեն մի տեղ, դրա համար արևմուտքից եկած օգնությունը շատ դեպքերում չի հասնում բոլորին: «Եզդիների առաջ հարց է դրված, որ պետք է կամ իսլամ ընդունեն, կամ ենթարկվեն կոտորածների: Սա եզդինեի 74-րդ ցեղասպանությունն է»,- ասաց նա և նշեց, որ եզդիների նկատմամբ նույն մեթոդներն են կիրառվում ինչ Հայոց ցեղասպանության ժամանակ:
«Եզդի տղամարդկանց միանգամից սպանում են, իսկ կանանց և երեխաներին առևանգում են և սև շուկայում վաճառում», - ասաց Սաիդ Ավդալյանը:
Արևելագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ «Իսլամական պետություն» խմբավորումը իրեն արդեն իսլամական պետություն է հռչակել և իսլամականները գալիս են հզորացնելու այդ պետությունը: Ըստ նրա՝ այդ կառույցը մշակված գործողություններ է իրականացնում և անվերահսկելի միտումներ է իր մեջ պարունակում:
Սաիդ Ավդալյանը գտնում է, որ այդ կառույցը ԱՄՆ-ի կողմից է ստեղծվել և արևմուտքի երկակի քաղաքականության արդյունք է: «Մի կողմից զինում են, մյուս՝ կողմից ռմբակոծում»,-ասաց նա և ավելացրեց, որ այդ կառույցը ամենահարուստ տեռորիստական խմբավորումն է, որը Թուրքիայի միջնորդությամբ և գերտերությունների թողտվության արդյունքում ջրի գնով նավթ է վաճառում: «Այդ խմբավորումը տարբեր տեղերից եկամուտներ ունի, իսկ զենքերը ԱՄՆ-ի կողմից է տրամադրվել»,- ասաց նա: Ըստ նրա՝ եզդիների հետ կատարվածի մեջ իր պատասխանատվության բաժինն ունի նաև Իրաքի նախագահը: Նա հայտնեց, որ Իրաքում բնակվում էր 1-1,5 միլիոն եզդի, իսկ կոտորվածների թիվը 400 հազարից անցնում է:
Սարգիս Գրիգորյանը համամիտ չէ, որ խմբավորմանը զինում է ԱՄՆ-ն, նա կարծում է, որ նրանք ֆինանսավորվում են նավթամթերքի վաճառքից, իսկ մինչ այդ վաճառում էին գյուղատնտեսական ապրանքներ ու հատկապես՝ ցորեն: «Կառույցը դարձել է գործոն և ռազմական ակտիվությամբ որոշակի հարցեր է կարողանում լուծել և մարտահրավերներ նետել Սիրիային և Իրաքին»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է անկախ Քրդստան ստեղծելու ծրագրին, բանախոսն ասաց, որ թեև դա դեռ մոտ ապագայում չի իրականանա, սակայն հետագայում դրանից չենք խուսափի:










