ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հատվածում երկարատև զինադադարի մասին

18:32 • 26.08.14

Պաղեստինի իշխանությունները և ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հայտարարել են Գազայի հատվածում երկարաժամկետ հրադադարի մասին Իսրայելի հետ նոր համաձայնություն կնքելու մասին: 

«Համաձայնություն է կնքվել երկու կողմի միջև, և մենք սպասում ենք հայտարարության Կահիրեից՝ որոշելու զինադադարի մեկնարկի ժամկետը», - ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրիի խոսքը մեջբերում է BBC-ն: 

Պաղեստինյան աղբյուրների տվյալներով՝ համաձայնությունը ենթադրում է երկու կողմից ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակման թուլացում: 

Իսրայելի կողմից այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել: Արդեն 50 օր շարունակվող դիմակայությանը զոհ են գնացել 2100 պաղեստինցի և 68 իսրայելցի: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսի միջնորդությամբ կողմերը դիտարկում են ռազմական գործողությունները մեկ ամսով դադարեցնելու հավանականությունը՝ վերադառնալով բանակցությունների սեղանի շուրջ: 

Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ը նախկինում ևս հայտարարել էր հրադադարի մասին, սակայն կարճ ժամանակ անց այն խախտվել էր: