Վանքեցիները պատվեր են համարում Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը. կարծիքներ՝ գործարարի ծննդավայրից (տեսանյութ)
Արցախցի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին Ռուսաստանում ձերբակալելու շուրջ գործարարի հայրենի Վանք գյուղում հիմնական տեսակետը մեկն է՝ գործարարին ձերբակալելը պատվեր է, ինչ-որ մի տեղից իջեցված հրահանգ:
Արցախի Վանք գյուղի դպրոցի ուսուցիչներից մեկը, ով ներկայացավ Հարություն անունով, նախ հիշեցրեց, որ հենց նույն դպրոցը կառուցել է Լևոն Հայրապետյանը, ապա ավելացրեց. «Լևոն Հայրապետյանին, բացի շնորհակալությունից, ուրիշ բան սխալ կլինի ասել»:
Հարությունի խոսքով՝ այն ամենը, ինչը գործարարի հետ իրենց բարեկամացրել է, բարձր աստիճանի արժեքներ են: «Բոլորս էլ կյանքում պայքարում ենք, ինքն էլ է պայքարել, իսկ եթե պայքարել է, ուրեմն հակառակորդներ է ունեցել, իր կյանքում մեծ դժվարություններ է անցել, սա էլ հերթականն է, և հարկավոր է, որ բոլորս հասկանանք ու չթողնենք, որ նրա հետ վատ բան լինի»,-ասաց նա:
Ուսուցիչը նաև նշեց, որ Լևոն Հայրապետյանը մեծ գործ է արել և եկեղեցու համար, և հիմա իրենց աղոթում են հայ բարերարի համար:
Ծնունդով Արցախի Վանք գյուղից, իսկ այժմ Ռուսաստանում ապրող Արմեն Գալայանը Հայաստան կատարած իր այցի մասին մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն տարի այցելում է իր հոր գերեզմանին։ Նա կարծում է, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալումը պատվեր է, և ձերբակալության հետ կապված բոլոր հարցերը ռուսական «Башнефть» նավթային ընկերության հետ է կապված: «Բաշնևտը կխլեն ու իրեն բաց կթողնեն: Ռոսնևտը խլեց Յուկոսը, հիմա էլ կխլի Բաշնևտը»,-ասաց նա։
Վերջինիս նաև կանխատեսեց, որ 15 օր հետո Լևոն Հայրապետյանին ազատ կարձակեն:
Հիշեցնենք, որ ռուսական «Башнефть» նավթային ընկերության մասնավորեցման գործով, որի շրջանակում ձերբակալվել է Լևոն Հայրապետյանը, նոր մեղադրյալ է հայտնվել: Քննությունը որոշում է կայացրել գործում որպես մեղադրյալ ներգրավել «Башнефть» ընկերության նախկին տնօրեն, Բաշկորտոստանի նախկին նախագահի որդի Ուրալ Ռախիմովին:
Վանքեցի մի կին ևս գործարարին շնորհակալություն հայտնեց գյուղի մասին հոգ տանելու համար և ասաց, որ իրենք պատրաստ են պայքարել նրան ազատ արձակելու համար: «Մեզ համար շատ պեն ա արել, իր գլխին սարքել են, մեր գյուղում բոլորն է տհե են մտածում»,-ասաց նա:
Գործարարի ձերբակալության մասին Արցախի թեմի առաջնոր Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ ասաց, որ գիտի ձերբակալության պատճառները, որոնք նավթային ակցիաների հետ են կապված:
«Ես ցավում եմ, որ Լևոն Հայրապետյանին այսպիսի առողջական ծանր վիճակով ձերբակալեցին, իսկապես ծանր առողջական վիճակի մեջ է ինքը, Աստված իրեն առողջություն տա»,-ասաց Պարգև Սրբազանը:
Վերջինս նաև վստահություն հայտնեց, որ իրենց հայրենակցին շուտով ազատություն կտան. «Վստահ եմ, շուտով իրեն պետք է ազատեն, վստահ եմ դրա մեջ, թե ինչ գնով, չգիտեմ»:
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Մարկոսյանը նույնպես մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ գործարարի ձերբակալությունը պատվեր է:
«Հենց դա է ցավը, որ այսօր մենք հայ բարերար ունենք, բայց չենք կարողանում գնահատել: Պատվեր են անում, եթե մարդուն պետք է ոչնչացնել, ոչնչացնում են»,-ասաց նա:
Տեր Գրիգորը նաև հիշեցրեց, որ Գանձասարի եկեղեցու նորոգման հետ կապված խնդիր էր առաջացել, երբ Լևոն Հայրապետյանը որոշել էր նորոգել այն՝ իբր չպահպանելով հինը, ինչին դեմ էին դուրս եկել հուշարձանագետները:
«Չենք լռելու պաստառը վերցնում են ու չեն լռում, 300 սերիա նայում են, իսկ 301-րդ սերիան ասում են՝ լավը չէ: Չի կարելի այդպես, ինչ-որ մեկը կողքից բզում է, դրա համար ասում են՝ չենք լռելու: Այսօր Լևոնն այս վիճակի մեջ է, որովհետև ինչ-որ մեկը պատվեր է տվել նրան ձերբակալել»,-ասաց նա և ավելացրեց. «Աստված չանի՝ հայի մատ լինի խառը, այդ դեպքում մենք ազգ կոչվելու իրավունք չունենք, ընդամենը դառնում ենք ցեղ»:
Դիտարկմանը, թե արդյո՞ք Լևոն Հայրապետյանի դեպքում ռուսական իշխանությունները չեն փորձում մութ էջեր հայտնաբերել գործարարի անցած ճանապարհում, տեր Գրիգորը պատասխանեց. «Կներեք, քանի տարի է անկախություն կա, վայ էն պետությանը, որ 25 տարի հետո է զգում, որ իրեն խաբել են, դա ի՞նչ պետություն է, 25 տարի շարունակ մտածել է, թե Լևոն Հայրապետյանն ի՞նչ է խաբել: Ամոթ է այդ պետության ղեկավար լինել, այդպիսի պետությունում ապրել»:










