Չեմ կարծում, թե այս աշունը շատ կտարբերվի մնացած աշուններից՝ թեժության առումով. Կարինե Աճեմյան
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը համոզված է, որ եկող քաղաքական աշունը թեժ լինելու առումով չի տարբերվելու մնացած քաղաքական աշուններից: Ընդհակառակը, նա թեժ ու պտղաբեր աշուն է կանխատեսում՝ աշխատանքային առումով:
-Քաղաքական ինչպիսի՞ աշուն եք կանխատեսում:
-Կարծում եմ, որ կլինի սովորական՝ ինչպես բոլոր աշունները, մեզ համար հագեցած աշխատանքով, որովհետև բազմաթիվ օրինագծեր են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորները: Նաև այն, որ Կառավարությունն էլ առանց արձակուրդի աշխատեց, դա էլ իր արդյունքները կտա: Հուսով ենք նաև, որ Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ մեր կապերը կամրապնդվեն, օրենքի տեսք կստանան: Ավելի շատ, բուռն աշուն եմ կանխատեսում աշխատանքային առումով, ոչ թե՝ քաղաքական իրադարձությունների:
-Ինչո՞ւ ոչ քաղաքական, դրա համար չկա՞ն անհրաժեշտ նախադրյալներ:
-Մենք արդեն շատ ենք խոսել ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 կետանոց պահանջների մասին: Կարծում եմ, որ ընդդիմությունն ինքն էլ պետք է լծվի գործի և հատկապես այս դեպքերից հետո՝ սահմանին տեղի ունեցած դեպքերից և ընդհանրապես մեր՝ արտաքին աշխարհի հետ կապված հարաբերություններով պայմանավորված մենք պետք է ավելի զգոն լինենք, կարողանանք համախմբվել և բոլորս աշխատել: Իհարկե՛, եթե ընդդիմությունը որոշել է որոշակիորեն փոխել իր կուրսը, կամ որոշել է նոր քաղաքական ծրագրերով հանդես գալ, դա, իհարկե, ապագայի հարց է, բայց այս պահին ես դրա հիմքերը չեմ տեսնում:
Մամուլում կարդացել եմ, որ որոշակի ուժեր ցանկանում են միտինգներ կազմակերպել: Իհարկե՛, ընդդիմությունը հարցեր ունի, որը կարող է նաև այդ հարթակում բարձրացնել, բայց ես կարծում եմ, որ այն ուժերը որոնք ներկայացված են Ազգային ժողովում, իսկ դրանք ամենակարևոր ընդդիմադիր ուժերն են, նրանք տեղ ունեն իրենց հարցերը բարձրացնելու. Այդ հարթակն Ազգային ժողովն է և կարող են իրենց բոլոր անհանգստությունները, ծրագրերը կամ առաջարկություններն անել հենց Ազգային ժողովում: Այնպես որ, չեմ կարծում, թե այս աշունը շատ կտարբերվի մնացած աշուններից՝ թեժության առումով, այլ կարծում եմ, որ հակառակը, մենք ավելի պտղաբեր աշուն ենք ունենալու աշխատանքային առումով:
-Քառյակի հետագա քայլերից ինչ-որ սպասելիքներ ունե՞ք: Հնարավոր է, որ համագործակցության եզրեր, այնուամենայնիվ, լինեն՝ հաշվի առնելով Ձեր կողմից նշված իրավիճակը, որում գտնվում է երկիրը:
-Դուք շատ լավ գտեք, որ մենք միշտ համագործակցում ենք, բոլոր կառուցողական առաջարկություններն ընդունում ենք, առհասարակ Հանրապետական կուսակցությունը, իշխանությունները միշտ բաց են և բոլոր առաջարկությունները քննարկվում են: Այդ առումով, իհարկե՛, մենք միշտ էլ համագործակցել ենք և համագործակցում ենք: Չգիտենք, թե ինչ առաջարկություններով, ինչ մեխանիզմներով հանդես կգան, դա ժամանակը ցույց կտա, բայց չեմ կարծում, թե հիմա մենք պետք է մեր մեջ մեղավորներ փնտրենք կամ սկսենք ներսից քանդել կամ ապակառուցողական հայտարարություններով կամ ծրագրերով հանդես գալ: Ես ինքս միշտ կողմնակից եմ համագործակցության: Ճիշտ է այս պահին սահմանում համեմատաբար հանգիստ է, բայց մենք գիտենք, որ դա միշտ էլ ժամանակավոր բնույթ է կրում, իրականում մենք մշտապես պատերազմական գործողությունների մեջ ենք, և, այո՛, պետք է շատ զգոն և շատ համախմբված լինենք: Դա շատ կարևոր է:
-Դուք ասում եք, թե իշխանությունները միշտ բաց են համագործակցության համար, իսկ հնարավոր համարու՞մ եք, որ իշխանությունները քայլ անեն դեպի ընդդիմություն:
-Քաղաքական հարթության մեջ քայլերը առաջարկներն են. մենք առաջարկել ենք կոալիցիոն կառավարություն կազմել, մեզ հետ չեն համաձայնվել: Հիմա իշխանության, երկրի ղեկավարման պատասխանատվությունն ամբողջապես կրում ենք մենք միայնակ և չվախենալով այդ պատասխանատվությունից՝ առաջ ենք գնում: Այս պահին մենք ընդդիմությանը որևէ առաջարկություն չունենք այն առումով, որ մեր առաջարկներն արվել են, քաղաքական դաշտը ձևավորված է, մնացածն արդեն ամեն քաղաքական կուսակցություն և ուժ իր նպատակներն ունի և պետք է աշխատի այդ դաշտում: Երբ ես ասում եմ բաց ենք, նկատի ունեմ, որ և՛ Ազգային ժողովում, և՛ Կառավարությունում ընդդիմության առաջարկները մշտապես քննարկվում, լսվում են. որևէ կառուցողական, առողջ առաջարկ չի մերժվում:










