Պորոշենկոն խոստացել է Էշթոնին, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը կվավերացվի սեպտեմբերին
Ուկրաինան սեպտեմբերին կվավերացնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է Обозреватель-ը։
Նա վստահություն է հայտնել, որ խորհրդարանական ընտրությունների նշանակումը խոչընդոտ չի հանդիսանա Ասոցացման համաձայնագրի վավերացման համար, և նշել է, որ համաձայնագրի տեքստը կմնա անփոփոխ, իսկ դրա ընդունումը կնպաստի Ուկրաինայում իրական բարեփոխումների ներդրմանը։
«ԵՄ-ին մեր ինտեգրումը մեր ընտրությունն է, որը ոչ մի կերպ ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Ընդհակառակը, համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա մեր բոլոր հարևանների հետ հարաբերությունների վրա, առաջին հերթին՝ տնտեսական ոլորտում։ Մենք հետաքրքրված ենք նրանում, որ մեր միջազգային գործընկերներն ընդունեն մեր որոշումը»,- նշել է Պորոշենկոն։
Նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ-Ուկրաինա-«Եվրասիական եռյակ» ձևաչափով խորհրդատվությունները, որոնք սպասվում են այսօր Մինսկում, կնպաստեն երկխոսության որոնումներին, այդ թվում՝ տնտեսական համագործակցության հարցերում։
«Մեզ համար կարևոր է, որ մեր հարևանները գիտակցեն՝ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագրի ստորագրումն իրենց համար ռիսկեր և կորուստներ չի պարունակում։ Մենք հետաքրքրված ենք փոխշահավետ տնտեսական հարաբերություններ ունենալու հարցում մեր բոլոր հարևանների և գործընկերների հետ»,- նշել է Պորոշենկոն։
Այժմ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է անցկացնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը։ «Սկսվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Պորոշենկոն մեկնել է Մինսկ, որտեղ կկայանա Ուկրաինա-ԵՄ- Եվրասիական եռյակ ձևաչափով հանդիպում:
Մինսկ են ժամանել նաև ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, առևտրի և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարներ Կառել դե Գյուխտը և Գյունտեր Էթինգերը, ովքեր ներկայացնում են Եվրոպական հանձնաժողովը։
Ինչպես հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Պուտինը հնարավոր է զրուցի Պորոշենկոյի հետ «լրագրողների խնդիրների մասին, որոնք աշխատում են Ուկրաինայի հարավ-արևելքում»։










