Լևոն Հայրապետյանին առնչվող գործով նոր մեղադրյալ է հայտնվել
Ռուսական «Башнефть» նավթային ընկերության մասնավորեցման գործով, որի շրջանակում ձերբակալվել է հայ գործարար Լևոն Հայրապետյանը, նոր մեղադրյալ է հայտնվել: Քննությունը որոշում է կայացրել գործում որպես մեղադրյալ ներգրավել «Башнефть» ընկերության նախկին տնօրեն, Բաշկորտոստանի նախկին նախագահի որդի Ուրալ Ռախիմովին: Այդ մասին ИТАР-ТАСС գործակալությանը հաստատել է «Башнефть» ընկերության նախկին տնօրենի փաստաբան Իլնուր Սալիմյանովը:
Ռախիմով-կրտսերը մեղադրվում է «Башнефть»-ի մասնավորեցման ընթացքում անօրինական ճանապարհով ստացած դրամական միջոցների օրինականացման և վատնման համար:
Հուլիսին Մոսկվայի Բասմանի դատարանի որոշմամբ կալանքի տակ էր առնվել գործարար Լևոն Հայրապետյանը, ով մեղադրվում է փողերի յուրացման և վատնման համար: Ենթադրվում է, որ Հայրապետյանը մասնակցել է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Башнефть»-ի բաժնետոմսերի վաճառքին:
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքային դատարանն օգոստոսի 15-ին հրաժարվել էր ազատ արձակել Լևոն Հայրապետյանին, որը համարվում է ամենահարուստ հայ գործարարներից մեկն աշխարհում:
Պաշտպանությունը խնդրել էր նրան ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակել, սակայն դատարանն օրինական էր ճանաչել հայ գործարարի կալանքը:
Դատական նիստի ընթացքում Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը նշել էր, որ մեղադրյալն արդեն 65 տարեկան է և դա պատկառելի տարիք է: Բացի այդ, նա տառապում է մի շարք հիվանդություններով՝ սրտի ռիթմի խախտմամբ, քաղցկեղով և երկու անգամ ուղեղի կաթված է տարել: Պաշտպանությունը նշել էր, որ Հայրապետյանի առողջական վիճակը զգալիորեն վատացել է և կարող է ճակատագրական լինել:
Մեղադրյալը դատական նիստին մասնակցել էր մեկուսարանից՝ տեսակապի միջոցով: Նա հայտարարել էր վատ ինքնազգացողության մասին և խնդրել է, որ բողոքարկումը քննեն առանց իր ներկայության, սակայն դատարանը վճռել էր, որ նրա ներկայությունը պարտադիր է:










