Չինաստանը պատրաստվում է նոր օպերացիոն համակարգ թողարկել, որը կմրցի Microsoft-ի, Google-ի և Apple-ի հետ
Xinhua չինական լրատվական գործակալության համաձայն` Չինաստանը պատրաստվում է հոկտեմբերին նոր օպերացիոն համակարգ (ՕՀ) թողարկել, որը կմրցի Microsoft-ի, Google-ի և Apple-ի հետ:
Առավել մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում, միայն նշվում է, որ այն կոչված է «փրկելու» պետական կազմակերպություններին Windows-կախվածությունից: Հայտնի է, որ սկզբում այն կօգտագործվի անհատական համակարգիչներում, իսկ հետագայում նախատեսված է դրա կիրառումը սմարթֆոններում:
Mashable կայքը նշում է, որ սա ցույց է տալիս Չինաստանի անհանգստությունը` կապված արևմտյան երկրների օպերացիոն համակարգերի` չինական շուկայում ունեցած գերիշխող դիրքի հետ:
Չինաստանը երկար տարիներ համարվել է Windows XP-ի ամենաակտիվ օգտատերերից մեկը: Սակայն վերջին շրջանում այս երկրի հարաբերությունները խոշոր IT ընկերությունների հետ ծանր ժամանակներ են ապրում: Նշվում է, որ նախորդ ամիս մի քանի անգամ խուզարկումներ են անցկացվել ամերիկյան Microsoft ընկերության գրասենյակներում:










