Դիվանագիտությունն իր խոսքը պետք է ասի. քաղաքագետն այն մասին, թե պետք է Նալբանդյանը գնա Անկարա, թե՝ ոչ

09:05 • 27.08.14

Դիվանագիտությունը պետք է իր խոսքն ասի այն հարցի շուրջ, թե Հայաստանի ներկայացուցիչը պետք է ներկա լիներ Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, թե՝ ոչ:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով. «Հաշվի առնելով, որ այս ընթացքում ժամանակ առ ժամանակ երկխոսություն է սկսվում Հայաստանի և Թուրքիայի ղեկավարությունների միջև և հաշվի առնելով այն, որ իրավիճակը մեր տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում միանշանակ չէ, նույնիսկ կասեմ՝ չափազանց բարդ է, հաշվի առնելով այդ ամենը դիվանագիտությունը պետք է իր խոսքն ասի: Այն, որ իհարկե, երկրի ղեկավարի մակարդակով չէ այդ քաղաքավարության ժեստը՝ այցելությունը, չնայած Էրդողանը հրավիրել էր նախագահ Սերժ Սարգսյանին, միանգամայն համահունչ է այն մոտեցմանը, որ որքան էլ մենք լուրջ վերապահումներ ունենանք Թուրքիայի ներկայիս ղեկավարի ՝ Էրդողանի քաղաքականության նկատմամբ, այնուամենայնիվ, դիվանագիտությունը մնում է դիվանագիտություն: Եվ մենք հարևան երկրներ ենք, ունենք անցյալն իմաստավորելու և ուղղորդելու, առերեսման կարիք՝ սեփական պատմության հետ, բայց այդ խնդիրը կարող ենք և պետք է լուծենք շփումների միջոցով, այլ ոչ թե, միայն թեկուզ 100 տոկոսով արդարացի ու հիմնավոր, պահանջները բարձրաձայնելով»:


ՀՔՄ նախագահը հայտարարեց, որ ստեղծված պայմաններում, երբ Թուրքիան չի հրաժարվում ներտարածաշրջանային խնդիրների ու, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նկատմամբ ոչ միայն կոշտ, այլև կողմնակալ մոտեցումներից , ՀՀ նախագահի մակարդակով քաղաքավարական այցը ճիշտ չէր լինի:


«Արտգործնախարարը միանգամայն բավարար է՝ հաշվի առնելով , որ մի կողմից դա հնարավորություն է տալիս երկխոսելու, մյուս կողմից՝ ընդգծում է այն, որ հայկական կողմը ակնկալում է Թուրքիայից անկողմնակալ վերաբերմունք մեր տարածաշրջանի խնդիրների լուծման ու կարգավորման հարցում: Սա, ես կարծում եմ հենց այդ ոսկե միջինն է, որը մի կողմից ցույց է տալիս, որ մենք երկխոսությունից չենք հրաժարվում, մյուս կողմից՝ որ մենք ունենք համարժեք վերաբերմունք ու դժգոհություն Թուրքիայի կողմից նշված հարցերում»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը:


Նա, իմիջիայլոց, նշեց, որ հենց Թուրքիայի այդ մոտեցումների պատճառով է, որ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբում մտան փակուղի: