Լևոն Հայրապետյանի դատապաշտպանը հեռուստաֆիլմի պատճառով պիկետի է դուրս եկել Մոսկվայի կենտրոնում
Հայ գործարար Լևոն Հայրապետյանի դատապաշտպան Գենրի Ռեզնիկը պիկետի է դուրս եկել Մոսկվայի կենտրոնում, հայտնում է novayagazeta.ru-ն:
Պատճառը НТВ հեռուստաալիքով ցուցադրված «Խունտայի 13 բարեկամները» հեռուստաֆիլմն է, որով «դիմակազերծում են» Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունը դատապարտող հայտնի երաժիշտներին ու հասարակական գործիչներին:
Ռեզնիկն իր պիկետն անց է կացրել Իոսիֆ Բրոդսկու արձանի մոտ՝ «Պաշտպանենք երկիրը հեռուստախունտայից» գրությամբ պաստառով:
Ակցիան տևել է մեկ ժամ, Ռեզնիկն ասել է, որ առանց բացատրելու էլ պարզ է, թե ինքն ինչի համար է այնտեղ՝ անկախ մասնագիտությունից՝ մարդ նախևառաջ պետք է քաղաքացի լինի:
Հիշեցնենք, որ հուլիսին Մոսկվայի Բասմանի դատարանի որոշմամբ կալանքի տակ էր առնվել Լևոն Հայրապետյանը, ով մեղադրվում է փողերի յուրացման և վատնման համար: Ենթադրվում է, որ Հայրապետյանը մասնակցել է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Башнефть»-ի բաժնետոմսերի վաճառքին:
Մոսկվայի քաղաքային դատարանն օգոստոսի 15-ին հրաժարվել էր ազատ արձակել հայ գործարարին։










