«Իսլամական պետության» գրոհայիններն օրական 3 միլիոն դոլար են աշխատում նավթի վաճառքից

08:43 • 28.08.14

«Իսլամական պետության» գրոհայիններն օրական մոտ 3 միլիոն դոլար են աշխատում «սև շուկաներում» նավթ վաճառելով, գրում է gazeta.ru-ն:

 

Վերջին ամիսների ընթացքում գրոհայիններին հաջողվել է գրավել մի քանի նավթի հանքեր Սիրիայի և Իրաքի տարածքում: Վերլուծաբանները պնդում են, որ «Իսլամական պետության» ներկայացուցիչները վաճառում են հում նավթը միջազգային արժեքից մոտ երկու անգամ ցածր գնով:


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախազգուշացրել է երկրներին չզբաղվել նավթի առևտրով ահաբեկչական խմբավորման հետ: Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք ներքաշված են այդ առևտրի մեջ:


«Այժմ «Իսլամական պետությունը» փորձում է ձևավորել ինքնաբավ պետություն ու կապիտալ, և նավթի արդյունահանումը այդ նպատակին հասնելու ճանապարհի մաս է կազմում»,- նշել է փորձագետներից մեկը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը վերահսկողություն է ձեռք բերել Իրաքի հետ սահմանին Սիրիայի խոշորագույն նավթի հանքի վրա: