Լիսկային մարզպետ նշանակելն ահավոր հարված կլինի ո´չ միայն սյունեցուն, այլև՝ հայ ժողովրդին. Գորիսի նախկին քաղաքապետ
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը գտնում է, որ Վահե Հակոբյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կրկին այդ պաշտոնին նշանակելն ահավոր հարված կլինի ո´չ միայն սյունեցուն, ո´չ միայն ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Սյունիքին, այլև՝ հայրենիքին, պետությանը, հայ ժողովրդին:
«Լիսկայի նշանակումը հարված կլինի նաև իշխանությանը, չնայած իշող ռեժիմի հենասյուները եղել են Լիսկան և նրա նման արարածները, բայց դա ինչ-որ տեղ ապտակ կլինի անգամ բիրտ ռեժիմի պարագլուխներին»,-ասաց նա:
Վերջինիս վստահեցմամբ՝ սյունեցիներն արժանապատվություն ունեցող մարդիկ են, չեն ցանկանա, որ «Լիսկան» ո´չ միայն վերադառնա մարզպետի պաշտոնին, այլև՝ որևէ լծակ ունենա Սյունիքում. «Բայց կլինեն մանկլավիկներ, կլինեն անձիք, որոնց ձեռք է տալիս նմանների կառավարումը: Վերջին հաշվով՝ մեր բանաստեղծներից մեկն ասել է՝ երկրպագու շուրթերին միշտ էլ կուռք է հարկավոր»:










